Sunday 27 October 2019

Փիրուզյա հեռուն․․․

Սպասված ճամփորդությունը ինձ ետ տարավ, տարավ այն ծանոթ ու ջերմ միջավայրը։ Թեհրանը լի էր նոստալգիայով։ Ինչ տեղին բառ է, այսպես է բացվում՝ վերադարձ տուն + ցավ, տառապանք։ Պատճառը մշուշոտ է, չեմ կարող այն բացատրել։ Բայց այն տատանվում էր կարոտի ու ցավի նժարի վրա։ Մի բան հաստատ գիտեմ. երջանիկ եմ, որ այդպիսի միջավայրում եմ մանկությունս անցկացրել, և երջանիկ եմ, որ այժմ էլ պատանեկությունս այսպիսի միջավայրում եմ անցկացնում։


Մի քիչ այն մանկության մասին, որ թողեցի ու հեռացա

Այն պատերի տակ, որտեղ վազել եմ, ընկել եմ, փարվել գետնին․ այն բաց երկնքի տակ որտեղ ուշ գիշերներ աստղեր եմ ման եկել, այն բաց դռների ներքո, ուր իմ տունն եմ համարել։ Այժմ այդ պատերն ու դռները ունեն իրենց մեջ մի ջերմ երանգ։ Ասես, դեռ ինձ չէին մոռացել։ Ինչ-որ հին ու բարի կապ կար մեր միջև։ Այդ կապը, այդ փխրուն թելը երբեք չի պոկվում, հնարավոր է՝ ամրանա, հնարավոր է՝ մաշվի, բայց երբեք այն չի պոկվի։

Այնտեղ, ուր շողում է փիրուզը՝ երկնքի տեղը

Կապույտ է Թեհրանը, կապույտ է իր գեղեցկությամբ ու թախծոտությամբ։ Այն կապտած է և ցավից ու հույսից։ Մեղրագույն աչքերս լավ են ընկալում այդ երանգը։ Ասում են՝ ինչու է Թեհրանի երկինքը այդքան մռայլ, ախր նա իր գույնը քարին ու պատին է տվել։ Երկինքը գունազրկվել է։ Այն հին լաջվարդ երկինքը հիմա առել է քարի գույնը ու դառել մոխրագույն։ Քո փիրուզն է բախշած  ամեն անկյունում։ Անկյուններումդ թաքնված է աննշան հնությունն ու արժեքը։ Իրական արժեքը, որը մնում է ստվերի տակ։ Քչերը գիտեն այդ արժեքի մասին, և այդ քչերի ուսերին է այդ իմացության բեռը պահպանելու պարտականությունը։ Երջանիկ եմ, որ այդ քչերի մեջ եմ մտնում, որ գիտեմ քո անփոխարինելի ու հարուստ պատմության մասին, քո հնօրյա ու այսօրվա ճարտարապետական համաձուլվածքի մասին և քո համ ու հոտի մասին։ Պատմական կամուրջներդ ,կարմիր աղյուսներդ ու նորաձև աշտարակներդ կազմում են մի ուրիշ աշխարհի մասնիկ։ Դու էլ ես այդ նույն աշխարհից, բայց մեկ-մեկ անճանաչելի ես դառնում։ Քո մոռացության առուների մեջ իմ մանկության մի մասնիկը թողեցի, ամենաքաղցր մասը։ Մոխրոտ պատերդ ծիածանով  պատեցի։
Իմ քաղաք, ժպտում ես ժողովրդիդ պարբերաբար հանդիպող ժպիտներով։ Դու ժպտում ես, մեկ-մեկ էլ ծամածռած ժպտում, մին էլ հոնգուր-հոնգուր լաց ես լինում։ Մեր վերադառնալու օրը ամբողջ օրը լաց եղար։ Քո լացով պատեցիր մեր պատուհանները։ Սակայն անապատներովդ էլ չորացրիր, քարավաններիդ հետ էլ առվի պես տարար։  Էլ ինչ ասեմ, իմն ես, ես՝ քոնը։ Մենք իրարից բաժանում չունենք։ Միշտ էլ կմնաս իմը, իսկ ես՝ քոնը։
Թեհրան, գիտեմ, իմ ու քո հարաբերությունները մի քիչ բարդ են։ Ինչպես սիրեմ, եթե ատում եմ քեզ, բայց ինչպես ատեմ, եթե սիրում եմ քեզ։ Իմ փիրուզե քաղաք, իմ Թեհրան․

Մի քիչ էլ՝ Ալեհեր իմաստունի մասին




Գիտեք, ես հասցրել եմ արդեն աշխարհի կեսը տեսնել։ Առաջ եմ ընկել ժամանակից։ Աշխարհի կես, ամբողջ աշխարհի ուղիղ կեսը տեսել եմ իմ աչքերով։ Իսկ ինչպե՞ս եղավ, որ առաջ ընկա։ 
Լավ, գաղտնիքս կբացեմ, խարդախություն եմ արել։ Հազարամյա, մտածված ու խորամանկ քայլ եմ արել։ Մտածում եմ՝ այս հնարքի հեղինկակը եղել է մի ծեր, ալեհեր իմաստուն, ով ամբողջ աշխարհով մեկ շրջել է, տեսել է մշակույթ ու կյանք։ Զգացել բնություն ու շինություն։ Այդ ալեհերը հասկացել է ճամփորդելու կարևորությունը և սրտին դարդ է եղել, երբ տեսել է իր շուրջ մարդկանց, որոնց, հոգսերի և դժվարությունների պատճառով, հնարավորություն չի տրվում ճամփորդելու։ Այդպիսով նա գլուխ է կոտրում և գտնում է լուծումը՝ Սպահան։ «Էսֆահան նեսվէ ջահան»`նշանակում է աշխարհի կես։ Ասում են, եթե այցելում ես Սպահան, ուրեմն դու արդեն տեսել ես ամբողջ աշխարհի կեսը։ Ճիշտ էլ ասում են. ժողովուրդը այդ հարցերում միշտ ճշմարիտ է։ Իսֆահան այցելողը տեսել է ամբողջ աշխարհի կեսը։ Մի քիչ խորամանակ լինեք, ինձ կլսեք և անպայման կայցելեք Սպահան։
Շեն մնա այն ալեհեր իմաստունը։




Sunday 13 October 2019

Կարդալով Էլիոթին


Կարդալով Թ․ Ս․ էլիոթի «Սնամեջ մարդիկ» ստեծղծագործության հայերեն տարբերակը՝ նկատեցի, որ շատ արտահայտությունների իմաստը ինձ հասկանալի չէ։ Փնտրելով ինձ անծանոթ արտահայտությունների իմաստը՝ հանդիպեցի մի քանի հետաքրքիր բացատրությունների, որոնք կցանկանայի ներկայացնել։ Ստեղծագործությունը սկսվում է այս տողերով «Պարոն Քուրցը ․․․ մեռավ» «Ողորմացեք ծերուկ Գային»։ Պարոն Քուրցը՝ Ջոզեֆ Քոնրադի հայտնի «Խավարի սրտում» վեպի հերոսն է։ Իսկ «Ողորմացեք ծերուկ Գային» գալիս է Գայ Ֆոքսի գիշերից, նոյեմբերի հինգին,անգլիացի երեխաները ասում էին այս բառերը, երբ փող էին խնդրում Գայ Ֆոքսից, որպեսզի գնեն հրավառություններ այդ օրը նշելու համար։ Ասվում է , թե Գայ Ֆոքսը դավաճան էր, ով փորձել էր պայթեցնել պառլամենտի շենքը, սակայն այն չհաջողվեց։ «Նրանք ովքեր կտրեցին անցան Ուղիղ հայացքով մահվան մյուս Արքայությունը» արտահայտությունը Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործությունից է։ Այստեղ նաև կրկնվում է Աչքերի գաղափարը, սա նրանից է, որ հավերժության մեջ գտնվող աչքերը, որոնք ունեին հավատ և համարձակություն, կաթվածության չէին ենթարկվում։ Հղի գետի ափին կանգնած Դժոխքի Արքելոնի գետը՝ Դանթեի «Ինֆերնո»-ում։ Անիծյալները պետք է անցնեն այս գետը, որպեսզի հասնեն մեռյալների եկիր։ Վարդը բազմաթերթ- Դանթեի «Աստվածային կատագերկությունում» դրախտը նկարագրվում է որպես Բազմաթերթ վարդ։ Բացատրությունները պարզելով՝ այժմ ավելի լավ եմ հասկանում։ Եվ այդպիսով ավելի լավ զգում այն։ Հիասթափության վերջին փուլի տողերն են։ Հոգումդ լցվում են, և զղջում ես կարդալու համար այս ամենը։ Չեմ հասկանում. Ինչո՞ւ ապրել գիտակից, բայց հիասթափության մեջ թաթախված, եթե կարող ես լինել ապուշ, բայց երջանիկ։

Սիրենք սովորելը

«Լինել գործընկեր, և շարունակենք լինել գործընկերներ»․ տիարի խոսքերն են։ Հենց այս խոսքերին էի սպասում։ Լինենք գործընկերներ, եկե՜ք։ Մենք՝ սովորողներս ենք պատասխանատու մեր ուսուցման համար։ Ես պետք է մտածեմ, մտահոգվեմ, մեկ-մեկ էլ հիասթափվեմ, իսկ հետո մի լավ ու արդյունավետ լուծում գտնեմ։ Չէ՞ որ ես եմ հենց տուժողը, իմ հասարակությունն է տուժողը, հենց իմ երկիրն ու աշխարհն է տուժողը։ Քո ու իմ ուսումը մեր ձեռքերում է։ Կտեսնես ու կանցնես՝ քո գործն է, կանցնես, կտեսնես ու կքաղես՝ քո գործն է, իսկ եթե անցնես, քաղես, մի հատ էլ սերմ դու ցանես, աճեցնես ու քո քաղածից ուրիշին էլ բաժին տաս՝ դա քո ձեռքերում է։ Մարդը միշտ էլ սովորող է, լինի առաջին քայլերն անող երեխա, թե վերջին քայլերն անող ծերունի։ Գիտեմ, շատ տարրական երևույթից եմ խոսում, սակայն եղել են մարդիկ, ովքեր թերագնահատել են մեր՝ սովորողներիս ազդեցությունը ուսման մեջ։ Շատ եմ հանդիպել անգամ ուսուցիչների, որոնք կրթության սահմանները փորձել են գծել իրենց նորմերով, և անտեսել են սովորողների անհատական և ընդհանուր կարիքները։ Ես մեծացել եմ այս դպրոցի հետ, միտքս ու հոգիս եմ ձևավորել, բայց կարծես դպրոցն էլ է ինձ հետ մեծացել։ Պատեր են գունավորվել , գունագեղ պատկերներ դարձել, պատեր են քանդվել, թափանցիկ դարձել։ Իմ հին Նոր դպրոցը էլի նույնն է, սակայն հազար բան է նրա մեջ փոխել։ Այս դպրոցն է, որ հակառակ իրեն դիպած թևավոր կարծրատիպերի, ինձ սովորեցրել է սիրել սովորելը։ Ինձ սովորեցրել է ինչպես սովորել, այլ ոչ թե ինչ սովորել։ Սովորեցրել է գնալ մի բանի հետևից, փնտրել, ուսումնասիրտել, խրվել մի բանի մեջ ու սովորել։ Իսկական սովորել է այն ինձ սովորեցրել։ Հետաքրքիր է, սովորել չի նշանակում անգիր անել ինչ-որ հարցաթերթիկի պատասխաններ, բայց երբ գալիս է ժամանակը, շպրտում են մեր դիմաց ինչ-որ թուղթ, որպեսզի հասկանան մեր արժեքը։ Կներեք, բայց իմ արժեքը մի թվանշան չէ։ Ես շատ ավելին եմ, քան մի թիվը, որը, համոզված եմ, որ մի տարի հետո անգամ չեմ հիշելու։ Գիտեմ, գիտեմ, շատ տարրական բաներ եմ ասում, բայց եթե տարրական են, ինչո՞ւ եմ դեռ բողոքում։ Ինչու եմ մնացել դեռ նույն սահմանափակումների մեջ։ Դե լավ է, էսքան բողոքել չի լինի։ Այ էստեղ գալիս ենք մենք՝ սովորողներս։ Ովքեր սովորելով հանդերձ սովորեցնում են։ Ովքեր սովորելով հանդերձ փոփոխություններ են կատարում , ովքեր սովորելով՝ աշխարհն են փոխում։

Friday 11 October 2019

Թեհրանի Ազատության աշտարակը

Image result for azadi tehran tower

Ազատության աշտարակը՝ Թեհրանի խորհրդանիշներից մեկն է ու գտնվում է արևմտյան դարպասի մոտ: Կառուցվել է` ի նշանավորումն Պարսկական կայսրության 2500 ամյակի տոնակատարության:
1966 թվականին ճարտարապետ Հոսեին Ամանաթը հաղթեց կառույցի դիզայնի համար հայտարարված մրցույթում`համադրելով Սասանյանների ու Աքեմենյանների դարաշրջանների ճարտարապետական տարրերն Իրանի ետիսլամական ճարտարապետության հետ
Ազատության աշտարակի հիմնական կամարը Սասանյան կամարի տեսք ունի, որը ներկայացնում է նախաիսլամական ժամանակաշրջանը: Վերևի կամարը ներկայացնում է իսլամական ժամանակաշրջանը: Կողային մասերի ցանցը, որով կամարները կապվում են միմյանց, ցույց է տալիս նախաիսլամական ու իսլամական Իրանների միջև կապը։ Ազատության աշտարակն համանուն մշակութային համալիրի մասն է կազմում, որը գտնվում է 50,000 մ2 տարածք զբաղեցնող Ազատության հրապարակում: Շուրջբոլորը կան շատրվաններ, գործում է նաև ստորգետնյա թանգարան: Կառուցվել է Սպահանի նահանգից բերված սպիտակ մարմարի 8000 քարե բեկորներից: Պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1971 թվականի հոկտեմբերի 16-ին:Վերջինս ունի 50 մետր բարձրություն։

Հետաքրքիր է, ապրելով Թեհրանում երբեք չեմ այցելել այս աշտարակը։ Իսկ հիմա, երբ կարդում միայն ուզում եմ տեսնել այս ճարտարապետական կառույցը։

Գոլեսթանի պալատ

Image result for golestan palaceՊատմությունը և Ճարտարապետությունը․

Թեհրանի միջնաբերդը կառուցվել է Սեֆյան արքայատոհմից Թահմասպ առաջինի (1524-1576) կառավարման օրոք և այնուհետև, XVIII-XIX դարերում շարունակ վերանորոգվել է։ Գոլեստանի կառուցման մեջ առավել մեծ ներդրում են ունեցել Զանդ արքայատոհմի ներկայացուցիչ Քարիմ խանը (1750-1779), Ղաջարիների արքայատոհմի ներկայացուցիչ Աղա Մոհամադ Խանը (1742-1797), ով Թեհրանը դարձրել է Պարսկաստանի մայրաքաղաքը, իսկ 1794-1925 թվականների ընթացքում միջնաբերդը դարձել է Ղաջարիների արքայատոհմի նստավայրը, որոնց համար Գոլեսթանի պալատը դարձել է բնակատեղի, և Նասր ադ Դին Շահը (1848-1896), ով թաղված է պալատական համալիրի տարածքում։
Փահլավիների ժամանակաշրջանում (1925-1979) Գոլեսթանի պալատը ծառայել է որպես արքայական ընդունելությունների վայր, իսկ այս արքայատոհմն իր համար պալատ է կառուցել Նիավարանում: 1925-1945 թվականների ընթացքում շինությունների մեծ մասը քանդվել է Ռեզա շահի հրամանով, քանի որ նա համարում էր, որ դարեդար տևած Ղաջարիների պալատը չպետք է խոչընդոտեր նորագույն քաղաքի աճին:



Մարմարե գահ (Թախթ_է մարմար)

Մարմարե գահի տպավորիչ դարատափը կառուցվել է 1806 թվականին՝ Ղաջարիների արքայատոհմի ներկայացուցիչ Ֆաթ Ալի շահի (1797-1834) կողմից: Այս տարածքը զարդարում են նկարները, մարմարե քանդակները, հախճապակյա աշխատանքներն ու իրանյան ճարտարապետության այլ գոհարները: Մարմարե գահը կառուցել են Յազդ նահանգի հայտնի դեղին մարմարից՝ ընդհանուրը՝ 65 մասից: Ղաջարիների արքայատոհմերի թագավորներն ու դատական նախկին արարողությունները տեղի են ունեցել այս դարատափում: Այստեղ է 1925 թվականին թագադրվել Ռեզա շահ Փահլավին:

Քարիմ խանի անկյուն (Խալվաթ-է Քարիմ Խան)

Քարիմ խանի անկյունը կառուցել են 1759 թվականին: Այն Զանդ արքայատոհմի Քարիմ խանի բնակավայրն էր: Կառույցի հիմնական մասը նման է Մարմարե գահին: Վերջինիս պես այն դարատափ է, բայց քիչ զարդարանք ունի: Նախկինում այստեղ շատրվանով լճակ է եղել:



Լճակի տուն (Հուզ խանե)

Քաջարների պալատին նվիրված եվրոպական նկարիչների գործերը զետեղվել են Լճակի տանը: Այն այս արքայատոհմի համար որպես ամառանոց է օգտագործվել: Զովացման հատուկ համակարգով ջուրը պոմպով մղվում էր ստորգետնյա համակարգով դեպի սենյակները գտնվող փոքր լճակներ: Այնուհետև ջուրը ոռոգում էր արքայական այգիները: Խոնավության վնասակար ազդեցության պատճառով այս համակարգն էլ կիրառելի չէ:



Ադամանդյա սրահ (Թալար-է բրելիան)

Ադամանդյա սրահն այսպես է անվանակոչվել շնորհիվ իրանցի արհեստավորների ադամանդյա ապակիների աշխատանքի: Կառուցվել է Նասեր էդ Դինի հրամանով՝ Հախճապակյա սրահի (Թալար-է բոլուր) վերափոխման նպատակով: Հայտնի է իր ադամանդյա հայելային աշխատանքներով ու ջահերով:
Image result for golestan palace


Ունեցել եմ հնարավորություն այցելել Գոլեստանի պալատնի սրահներից մի քանիսը, և իրոք այն համեմատելի չէ, այս չոր ու կոպիտ նկարագրություններին։ Գոլեսթանը Ուրիշ է, այն աչքով տեսնելուց անգամ չես կշտանում։