Սիրենք սովորելը

«Լինել գործընկեր, և շարունակենք լինել գործընկերներ»․ տիարի խոսքերն են։ Հենց այս խոսքերին էի սպասում։ Լինենք գործընկերներ, եկե՜ք։ Մենք՝ սովորողներս ենք պատասխանատու մեր ուսուցման համար։ Ես պետք է մտածեմ, մտահոգվեմ, մեկ-մեկ էլ հիասթափվեմ, իսկ հետո մի լավ ու արդյունավետ լուծում գտնեմ։ Չէ՞ որ ես եմ հենց տուժողը, իմ հասարակությունն է տուժողը, հենց իմ երկիրն ու աշխարհն է տուժողը։ Քո ու իմ ուսումը մեր ձեռքերում է։ Կտեսնես ու կանցնես՝ քո գործն է, կանցնես, կտեսնես ու կքաղես՝ քո գործն է, իսկ եթե անցնես, քաղես, մի հատ էլ սերմ դու ցանես, աճեցնես ու քո քաղածից ուրիշին էլ բաժին տաս՝ դա քո ձեռքերում է։ Մարդը միշտ էլ սովորող է, լինի առաջին քայլերն անող երեխա, թե վերջին քայլերն անող ծերունի։ Գիտեմ, շատ տարրական երևույթից եմ խոսում, սակայն եղել են մարդիկ, ովքեր թերագնահատել են մեր՝ սովորողներիս ազդեցությունը ուսման մեջ։ Շատ եմ հանդիպել անգամ ուսուցիչների, որոնք կրթության սահմանները փորձել են գծել իրենց նորմերով, և անտեսել են սովորողների անհատական և ընդհանուր կարիքները։ Ես մեծացել եմ այս դպրոցի հետ, միտքս ու հոգիս եմ ձևավորել, բայց կարծես դպրոցն էլ է ինձ հետ մեծացել։ Պատեր են գունավորվել , գունագեղ պատկերներ դարձել, պատեր են քանդվել, թափանցիկ դարձել։ Իմ հին Նոր դպրոցը էլի նույնն է, սակայն հազար բան է նրա մեջ փոխել։ Այս դպրոցն է, որ հակառակ իրեն դիպած թևավոր կարծրատիպերի, ինձ սովորեցրել է սիրել սովորելը։ Ինձ սովորեցրել է ինչպես սովորել, այլ ոչ թե ինչ սովորել։ Սովորեցրել է գնալ մի բանի հետևից, փնտրել, ուսումնասիրտել, խրվել մի բանի մեջ ու սովորել։ Իսկական սովորել է այն ինձ սովորեցրել։ Հետաքրքիր է, սովորել չի նշանակում անգիր անել ինչ-որ հարցաթերթիկի պատասխաններ, բայց երբ գալիս է ժամանակը, շպրտում են մեր դիմաց ինչ-որ թուղթ, որպեսզի հասկանան մեր արժեքը։ Կներեք, բայց իմ արժեքը մի թվանշան չէ։ Ես շատ ավելին եմ, քան մի թիվը, որը, համոզված եմ, որ մի տարի հետո անգամ չեմ հիշելու։ Գիտեմ, գիտեմ, շատ տարրական բաներ եմ ասում, բայց եթե տարրական են, ինչո՞ւ եմ դեռ բողոքում։ Ինչու եմ մնացել դեռ նույն սահմանափակումների մեջ։ Դե լավ է, էսքան բողոքել չի լինի։ Այ էստեղ գալիս ենք մենք՝ սովորողներս։ Ովքեր սովորելով հանդերձ սովորեցնում են։ Ովքեր սովորելով հանդերձ փոփոխություններ են կատարում , ովքեր սովորելով՝ աշխարհն են փոխում։

No comments:

Post a Comment