Monday 11 November 2019

Պոեզիայի սահմանների աղոտ գիծը

Ամբողջ շաբաթ բանավիճեցինք, կռվեցինք, ձայներ բարձացրինք մի հիմար Բուքովսկու ու Վիթմենի պատճառով։ Ահա թե ինչ։ Եվ վեճը չվերջացավ դասարանում. այն մեզ հետ տուն մտավ, մեզ հետ եղավ ամբողջ շաբաթն ու կիրակին։ Էսպես, մտքիս վերջում իրեն կախեց ու համբերատար սպասեց մինչև իրեն կանդրադառնայի։ Երկու ժամը մեկ թակում էր մտքիս դուռը, թե՝ հիմա հարմար է՞։ Ես էլ ըստ սովորության զայրանում էի սկզբում նրա վրա և դուռը կոպիտ շրխկացնում, իսկ հետո ինձ վրա, որ էդպես վարվեցի։ Մի խոսքով, վերջապես եկավ ժամանակը, որ լսեմ ու անդրադառնամ մտքիս այդ թելին։
Քննարկման ժամանակ սովորականից շատ էի պնդում իմ կարծիքը, այն էլ՝ վստահորեն։ Եվ փորձում էի գտնել ինչ-որ սահմանումներ պոեզիային՝ նրա առաջ դնելով ցանկապատեր։ Բայց չէ՞ որ հենց դա է սպանում ու ոչնչացնում արվեստը։ Ի՞նչ է պոեզիան, ո՞վ է պոետը, անտեղի պատասխաններ, որոնցից ուղղակի պետք էր ազատվել շտապ։ Ինչո՞ւ պատասխանել այս հարցերին, ինչո՞ւ չթողնել դրանք բաց ու ազատ երևակայությանը։ Հիմա ամեն ինչից դժվարը սահմանելն է Պոեզիան և դրա էությունը։ Չէ՞ որ այն մի խճանկար է, որի անկյունները չեն համապատասխանում կողքիններին, որ արդեն մաշվել ու կորացել են։ Դրա սահմանները մրոտվել են ու ձուլվել կողքի արվեստի գծերի սահմաններին։ Այնքան, որ դժվար է տարբեր էլ։ Արդյո՞ք այն երաժշտություն է, արդյո՞ք այն պար է թե զգացմունք ,  թե՞ անգամ ժամանակի մեքենա։ Ո՞վ գիտե, հաստատ ես՝ չէ։

No comments:

Post a Comment