Անտառի եզրին երկու եղևնի էր աճել: Մեկը դարձել էր գեղեցկուհի. բարձր էր, բարեկազմ, սաղարթախիտ: Նրա ընկերուհին համեստորեն մի կողմ էր քաշվել. գեղեցիկ չէր, ոչ էլ բարեկազմ, ճյուղերն էլ՝ այս կողմ-այն կողմ ցցված: Գեղեցկուհի եղևնին հպարտանում էր ու կարծում, թե իրենից լավն ու խելացին ողջ աշխարհում չկա:
Եկավ ձմեռ: Մարդիկ սկսեցին անտառ գալ փայտի: Մի անգամ էլ նրանք կտրեցին ծուռումուռ ծառը: Գեղեցկուհի չարակամորեն ասաց.
-Ահա տեսնում ես, ես այդպես էլ գիտեի, որ նրանք ուզում են կտրել քեզ, նրանք չէին համարձակվի ինձ ձեռք տալ. Ես ամբողջ անտառի զարդն եմ:
Եվ ժամանակը ցույց տվեց: Ամանորից հետո նրանք հանդիպեցին աղբահորում: Հպարտ գեղեցկուհին սկսեց արտասվել ու բողոքել մարդկանց այն պատճառով, որ նրանք կտրել են տոնի համար, հետո դեն նետել: Ծուռումուռ եղևնին հանգստացրեց նրան.
-Իզուր ես բարկանում: Դու պետք է դա կանխատեսեիր: Աշխարհում ուրիշներին օգտակար լինելուց ավելի հաճելի բան չկա: Դու դժգոհում ես, որովհետև հիասթափվել ես, դու քո մասին մեծ կարծիք ունեիր, այնքան էիր հպարտանում քո գեղեցկությամբ, որ երբ հույսերդ չարդարացան, հիասթափվեցիր ու տխրեցիր: Իսկ ես մտածում էի ՝ ինչ կարող է և ինչ չի կարող լինել: Ես այնքան էլ չեմ հիասթափվել, դրա համար էլ երջանիկ եմ:
-Դու երջանի՞կ ես: Դու տգեղ ես և այն էլ աղբահորում ու երջանի՞կ ես,- բղավեց գեղեցկուհին:
-Այո,-հանգիստ շարունակեց մյուսը,-սկսած այն պահից, երբ ինձ կտրեցին, ես չեմ դադարել օգտակար լինել. Ես ուշենիշ էի փողոցի եզրին, մարդկանց ճանապարհ էի ցույց տալիս, ինձ երջանիկ էի զգում, իսկ հիմա ավելի երջանի եմ:
-Ինչո՞ւ:
-Իմ մոտով բազմաթիվ մարդիկ էին անցնում, մի տղա ամեն անգամ հանգստանում էր ինձ մոտ: Ես էլ ամեն օր հետևում էի, թե երբ է հասնելու ինձ մոտ՝ ճանապարհից հանգստանալու: Մենք միմյանց ընտելացել էինք, ընկերացել իրար հետ: Ես տեսնում էի նրա ժպիտը, ուրախանում էի նրա հետ ամեն հանդիպումից: Ես երջանիկ էի:
-Կուզեի քո փոխարեն լինել: Ինչի՞ս է պետք գեղեցկությունս: Այն ժամանակ էլ այն ոչ ոքի համար օգտակար չէր:
-Նայիր,- ընդհատեց նրան ծուռումուռ եղևնին,- ահա այն տղայի հայրն է մոտենում:
Տղամարդը, տեսնելով երկու եղևնիները, մտածեց. ,,Ի՜նչ լավ է: Երկու եղևնի գտա, երևի բավական է վառարանը վառելու համար,,:
Տունը, ուր նրանց բերեց տղամարդը, մի քանի օր էր չէր տաքացվում: Տղան էլ հիվանդ էր:
-Հիմա արդեն տաք կլինի,- ասաց հայրը՝ կտրելով գեղեցիկ եղևնու ճյուղերը:
Եվ ծուռումուռ եղևնին լսեց՝ ինչպես գեղեցկուհին շշնջաց. ,,Վերջապես ես էլ եմ երջանիկ,,: