Pages

Saturday, 13 February 2016

Էվկլիդես





Մ. թ. ա. մոտ 365 թ., 
Մ.թ.ա. 270 թ., ք. Ալեքսանդրիա

Էվկլիդեսն ստեղծել է տարրական երկրաչափությունը՝ էվկլիդեսյան երկրաչափությունը, որով այդ գիտությունը մինչև օրս ուսուցանվում է դպրոցական դասընթացներում:
Հույն Նաուկրատի որդի Էվկլիդեսն ապրել ու աշխատել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` Պտղոմեոս I-ի օրոք: Նրա գլխավոր աշխատանքը՝ 13 գրքով շարադրված «Սկզբունքները» (լատիներեն՝ «Տարրեր»), նվիրված է հարթաչափության, տարածաչափության և թվերի տեսության հարցերին: Նա դրանով հանրագումարի է բերել իրենից առաջ ստեղծված` Թալեսի, Պյութագորասի, Արիստոտելի և այլոց «հունական մաթեմատիկան»: Էվկլիդեսը կարողացել է եղած երկրաչափական առանձին-առանձին գիտական ճշմարտությունները վերածել խիստ տրամաբանական ու կապակցված գիտության: Էվկլիդեսյան երկրաչափությունն սկսվում է պարզագույն դրույթներով՝ աքսիոմներով, այնուհետև մեկը մյուսի հետևից շարադրված են այդ գիտության թեորեմները, որոնցից յուրաքանչյուրի ապացուցումը հենվում է նախորդ՝ արդեն ապացուցված թեորեմների վրա:
Էվկլիդեսը մշակել է նաև երկու ամբողջ թվի կամ երկու բազմանդամի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և կամ երկու հատվածի ընդհանուր չափը գտնելու մեթոդը, որը կոչվում է Էվկլիդեսի ալգորիթմ: Էվկլիդեսի անվան հետ են կապված Էվկլիդեսի տարածություն և Էվկլիդեսի հեռավորություն հասկացությունները: