Thursday, 8 November 2018

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ


Հարցազրույց ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ
- Տիար Բլեյան, ինչպե՞ս ծնվեց կրթահամալիր ունենալու գաղափարը:
- Դա մի փոքր երկար, բայց սիրելի պատմություն է: Յուրաքանչյուրը, ով ունի մանկավարժական գաղափարներ, ծրագրեր, ուզում է դրանք իրականացնել, փորձում է գտնել համախոհներ իր դպրոցը` կրթական միջավայր ստեղծելու համար։ Միջավայր, որովհետև միջավայրն ամենամեծ դպրոցն է:
Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետից, որտեղ աշխատում էի, այսպիսի ծրագրով եմ անցել դպրոց: 1985 թվականին համախոհների փնտրտուքը ինձ բերեց Բանգլադեշ, թ. 183 նորաբաց դպրոցը, այն էլ` որպես տնօրեն: Եվ այս նոր յուրացվող տարածքում, որտեղ ամեն ինչ դեռ անկազմակերպ էր, իմ բախտը բերեց կամ չբերեց, որովհետև ինձ պես խելառ երկու Աշոտներ` Աշոտ Մանուչարյանն ու Աշոտ Դաբաղյանը, իմ օգնականներն էին, դպրոցի փոխտնօրենները: Եվ մենք` երեք Աշոտներով, տեսնելով, որ շատ հարմար պահ է գորբոչովյան վերակառուցումներից հետո, երբ խորհրդային ռեժիմը հոգեվարքի մեջ է, օգտվեցինք այդ ազատությունից, «թթվածնի» առկայությունից… 1989-ին Հայաստանի կառավարությանը կարողացանք համոզել ընդունել մեր կրթական նախագիծը: Ստեղծվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը` որպեսփորձարարական-հետազոտական միավորում, որպես անհատի հնարավորությունների, կարողությունների ու տաղանդի դրսևորման արդյունավետ միջավայր:
- Իսկ ինչո՞ւ կոչվեց հենց Մխիթար Սեբաստացու անունով:
- Կրթահամալիրի, հետազոտական-կրթական միջավայրի հոմանիշը միաբանությունն է: Գաղափարակիր, ոգևորված, ստեղծագործող ուսուցիչները մի՞թե վարդապետներ չեն: Բանգլադեշը այն ժամանակ մի տեսակ կղզի էր հիշեցնում, մեկուսացած էր մայրաքաղաք Երևանից, Հայաստանից: Սրան ավելացրեք մեծ ակնածանքը Մխիթար Սեբաստացու, նրա Միաբանության հանդեպ… նոր, կրթական միաբանություն ունենալու համար շատ էլ հարմար անուն ընտրեցինք: Խիզախել էր պետք, ինչպես հայր Մխիթարը:
- Իսկ ի՞նչ տեսք ուներ կրթահամալիրը ամենասկզբում:
- Ամենասկզբում Մայր դպրոցն էր` այն ժամանակ Երևանի թիվ 183-ը: Խելահեղ գաղափարներն անպակաս էին, բայց ցաքուցրիվ, անկազմակերպ, բավականին հախուռն: Երեխաները շատ էին, իսկ շենքը մեկն էր: Հետո մեզ միացավ մանկապարտեզը` այսօրվա Դպրոց-պարտեզը, այնուհետև Հիմնական դպրոցը` մեր Գիմնազիան, հետո` Նոր դպրոցը` մեր Նախակրթարանը, Արհեստների դպրոցը, վերջում` Մեդիակենտրոնը` մեր շախմատի և ինֆորմատիկայի դպրոցը: Այսպես կտոր-կտոր ամբողջացավ, դարձավ այն, ինչ այսօր ունենք որպես ամբողջական կրթահամալիր:
Խնդիրը, որ մեր կրթահամալիրը սովորելու համար լինի հաճելի միջավայր, որ մեր երկրի անկազմակերպ վիճակը չխանգարի սովորողին և ուսուցչին զբաղվել իրենց սիրելի գործով, դրսևորել իրենց անհատականությունը, եղել է հենց սկզբից։ 23 տարիների ընթացքում հղկվել, դարձել է ձեզ այդքան գրավիչ այսօրվա միջավայրը:
- Իսկ այս 23 տարիների ընթացքում ի՞նչ բարդություններ ու խոչընդոտներ ունեցավ կրթահամալիրը:
- Շատ, շատ բարդություններ ունեցավ: Գլխավորը, իհարկե, մեր մանկավարժության պատվիրատուին գտնելն էր: Նոր հանրապետություն էր, ազատ հանրապետություն, ուր մարդու իրավունքներ և ազատությունները հռչակված են որպես միայն լոզունգ: Իսկ որպեսզի իրոք լինեինք ազատ, մենք պետք է գտնեինք պատվիրատու, այսինքն՝ ծնող, ով ուզում է՝ իր երեխան կրթվի այս ծրագրով, որ քեզ պես է մտածում: Մենք այս 23 տարիների ընթացքում կարողացանք ձևավորել պատվիրատուների մի տպավորիչ բանակ: Եվ եթե մենք կանք, ապա շնորհիվ դրա: Որովհետև կային այնքան շատ արգելքներ, այնքան մեծ էր անդունդը, որ կարող էր մեզ տանել ու հետ չբերել: Բայց պատվիրատուն մեզ պահեց:
Մեզ օգնեց նաև ստեղծականության աշխատանքի հանդեպ մեր ունեցած պաշտամունքը: Այս երկրում, որտեղ աշխատելը, կներեք, դարձել էր «էշություն», և ծուլությունը՝ մարդու կարևոր զբաղմունքը, մենք ստեղծականության նկատմամբ պետք է պաշտամունք ստեղծեինք: Կարևոր է նաև արդիական գործիքների կիրառումը, որովհետև փոխվում են ժամանակները, և սովորողը իրավունք ունի իր ձեռքին ունենալու արդիական գործիքներ: Այսօր այդ գործիքները թվային գործիքներն են, մեդիակրթությունը, ահա թե ինչու մենք այդ գործիքները լիուլի օգտագործում ենք մեր կրթության մեջ: Եվ այդ երեք կետերի շնորհիվ` անհատի կրթական պատվեր, ստեղծականություն և արդիական գործիքների կիրառում, մենք կարողացանք հաղթահարել շատ խոչընդոտներ:
- Իսկ մեդիակրթությունը մի՞շտ է կրթական համակարգում առաջնահերթ դեր ունեցել:
- Այո, որովհետև Հայաստանում առաջին ուսումնական համակարգիչները` ճապոնական Yamaha համակարգիչներ, կային նաև մեր կրթահամալիրում: Մեզ մոտ բացվեց առաջին հանրակրթական տպարանը, առաջին ուսումնական «Շաղիկ» հրատարակչությունը մենք ունեցանք: Եվ քանի որ մեր մուտքը մանկավարժության ասպարեզ համընկավ թվային միջոցների ստեղծման ու տարածման հետ, մենք, կարելի է ասել, միասին հանդես եկանք, և այդ գործիքները սկսեցինք կիրառել կրթության մեջ: Հասկացանք, որ դրանք շատ գրավիչ են դարձնում ուսումը, ավելի արդյունավետ: Ահա թե ինչու մենք այդ գործիքները կենցաղից տեղափոխեցինք դպրոց: Իհարկե, դժվար էր, որովհետև դրանք թանկ էին, բայց մենք ցույց տվեցինք, որ կարող է մարդը տանը պրոյեկտոր կամ էլեկտրոնային գրատախտակ չունենալ, բայց երբ որ դա ունի դպրոցում, իրեն հավասար է զգում: Մեզ համար կարևոր է, որ երեխան հասկանա, որ դա ծառայում է իրեն: Ֆիզիկական վիճակի հետ զուգահեռ կա նաև առցանց աշխարհ, վիրտուալ աշխարհ, որը մեդիաաշխարհն է: Եվ կրթահամալիրը նաև այդ աշխարհում էր պետք ստեղծել, և ստեղծեցինք մեր կայքը` mskh.am-ը: Մենք ստեղծեցինք այն, որպեսզի ուսուցումը լինի անընդհատ, որպեսզի սովորողը կարողանա անընդհատ պատմել իր մասին, որովհետև չկա ավելի կարևոր բան, քան իրար մասին լիարժեք տեղեկություն ունենալը:
- Ի՞նչ նպատակներ է կրթահամալիրը դրել իր առջև:
- Այդ նպատակները ուսումնական նախագծերի ձևով ներկայացված են: Կան նախագծեր, որոնք սեբաստացիների օրերին հատուկ կներկայացվեն՝ որպես համատեղ աշխատանքի պատվերներ:
Ինձ համար թիվ մեկ նախագիծը կրթական պարտեզն է. Ինչպե՞ս անենք, որ մենք մեր առօրյայով հայտնվենք կրթական պարտեզի մեջ: Պարտեզ ասելով` նկատի ունեմ մինչև վերջ խնամված միջավայր, որտեղ մարդիկ իրար զգում են, որտեղ դու պատասխանատու ես յուրաքանչյուր ծիլի ու ծաղկի համար: Դա ամենամեծ գործն է երևի, որ մենք սկսել ենք: Եվ ես վստահ եմ, որ մոտակա 2-3 տարիները այդ առումով կլինեն վճռորոշ:
Մյուս նախագիծն այն է, որ ուսումնական առօրյան, ճանապարհորդությունները, տոները լինեն լիարժեք ուսումնական: Հայրենագիտական ճամբարները` մեկօրյա, երկօրյա, եռօրյա, կրթությունը դարձնում են ավելի մոբիլ, այսինքն՝ սովորողը, ուսուցիչը, ուսումը ամենուր է:
Բացառիկ եմ համարում նաև երաժշտական կրթությանը, երգչախմբի գործունեությունը: Ես ցանկացել եմ, որ տասներորդ, տասնմեկերորդ դասարանցին կատարի այդ ինտելեկտուալ աշխատանքը: Որովհետև Մոցարտ ունկնդրողը ինտելեկտուալ մարդ է: Առանց Մոցարտ, Բեթհովեն, Կոմիտաս ունկնդրելու՝ կրթությունը, կներեք, վայրենու վերարտադրություն է: Բացառիկ ենք համարում երաժշտական կրթությունը, այստեղից էլ՝ համերգային սրահի բացումը: Ուզում ենք, որ յուրաքանչյուրը հանդես գա որպես արվեստագետ:
Եթե 3 նախագիծը հետևողականորեն իրագործվի, ապա կարճ ժամանակում դուք կզգաք էական փոփոխություններ
- Ինչո՞ւ է կրթահամալիրի տոնը նշվում հենց նոյեմբերին:
- Դա 4 տարիներին ֆիքսվեց ու ավանդույթ դարձավ: Սեպտեմբերին չէր կարող լինել, դա հաստատ եմ ասում։ Նոյեմբերը իմ ամենասիրած ամիսն է: Սիրում եմ ուշ աշունը, երբ մի քիչ ցուրտ է, երբ թեթևսոլիկություն չկա, ծանրակշիռ մի բան կա: Տոնը նաև պատրաստություն է պահանջում, և սեպտեմբերի ու հոկտեմբերի պատրաստություններից հետո հարմար է նշել նոյեմբերին:
Աղբյուրը՝

No comments:

Post a Comment