Wednesday, 27 March 2019

Կոնդում՝ տուրիստի կարգավիճակում


Նկարը՝ Անուշ Թադևոսյանի 
Շատ էի լսել հեռավոր, խորհրդավոր և առեղծվածային Կոնդի մասին Երևանի կենտրոնում  պատսպարված մոխրագույն քառակուսի շենքերի միջև։ Հին, իրական Երևանի մի փոքրիկ կտոր՝ թաքնված մեր աչքերից։ Կոնդում տխուր է ,ասեմ, և տեղացող անձրևն էլ վիճակը չէր մեղմացնում։ Կոնդը 1930 թվից ի վեր դառել է թղթի վրա մնացած, անավարտ նախագծերի կույտ։ որոնք, ցավոք, միայն շարունակում են մնալ թղթի կտոր։ Երկու ժամ Կոնդում շրջելուց հետո հասկացա, որ նրա անգամ վաթսուն տոկոսը չեմ տեսել։ Ամեն մի ծակուծուկից դուրս գալիս  նոր տեսարան էր բացվում, նոր տներ։ Ամեն մի նեղ անցքից դուրս գալիս երևում էր մի ուրիշ պատ, մի ուրիշ պատմություն։ Կոնդը միակն է. ինչո՞ւ ենք փորձում գտնել մերը ուրիշ երկրներում, ուրիշ տեղերում, եթե հենց մեր փոքրիկ քաղաքում մի ուրիշ քաղաք կա։ Իր փայտե և քարքարոտ տները՝ նրանք, որոնք դեռ չէին վերացել և դարձել միանման մոխրագույն պատեր, ունեին իրենց ասելիքը։ Համեմատաբար ավելի լայն փողոցները ասֆալտած էին, և տեղ-տեղ երևում էին մեծ քարերը, որոնք ասես համառորեն իրենց դիրքը պահել էին։ Չէ՞ որ այն Հին Երևանի վերջին պատմական կտորներից է, վերջին փաստերից մեկը, վերջին ականատեսը։

Կոնդի պատմությունն էլ է շատ հետաքրքիր։ Սկսենք անվանումից, «Կոնդ» նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Նեղ և ծուռ տանող աստիճանները մեզ հասցնում են Կոնդ։  տասնութերորդ դարում բնակիչների մեծամասնությունը հայեր էին, սակայն երբ պարսիկները և թուրքերը գրավում են Երևանը, թաղամասը կոչում են Թափաբաշ։ Դարերի ընթացքում Կոնդում բնակվել են տարբեր ազգի և կրոնի մարդիկ։ Ըստ հավաստի աղբյուրների՝ 1830 թվականին Կոնդում բնակվում էր 4,300 Կոնդեցի։ Իսկ Կոնդի Մզկիթը, որի պատմությունը հասնում է մինչ 1687թվականը, գրանցված է որպես պատմական հուշարձան։ Երբ քսաներորդ դարի սկզբին մուսուլմանները լքում են Հայաստանը, Մզկիթը դառնում է ջարդից փախած ընտանիքների համար ապաստան։ Բնակիչների մեծ մասը Արևմտյան Հայաստանից փախստականներ են, շատերը՝ Վանից և Էրզրումից։
Կոնդի պատմական արժեքը շատ մեծ է։ Բացի Սուրբ Հովհաննես Եկեղեցուց և Պարսկական մզկիթից, այն քիչ թե շատ պահպանել է տասնութերորդ դարից մնացած իր առանձնահատուկ ձևը։ Սակայն  վատ պայմանների պատճառով բնակիչները փորձում են նորոգել իրենց տները, ինչի ընթացքում կորչում է Կոնդի յուրահատուկ ձևը։
Այսպիսով՝ Կոնդը մնում է դեռևս թղթի կտորի վրա։ Իհարկե, շատ են եղել նախագիծ առաջարկողները, եղել են մրցույթներ, որոնցից մեկ հաղթողի հետ մենք կրթհամալիրում հանդիպել ենք։ Ցավալի է ասել, որ երևի ամեն ճարտարապետի մտքով անցել է ինչ-որ մի գաղափար, թե ինչպես կարելի է Կոնդի հնությունը պահպանել՝ այն վերակառուցելով, սակայն ոչ մի նախագիծ կյանքի չի կոչվել։



Կոնդ 1900                                                                                   


Կոնդ 1909                                                                                





















                             Կոնդ 1923



                            Կոնդ  1932











No comments:

Post a Comment