Pages

Արմաղան, ես նորից եկա

Այդքան էլ ճիշտ չեմ գտնում բնությանը բնութագիր տալ: Երբեք էլ դա ճիշտ չեմ համարել։ Դա իմ գործը չեմ համարում։ Ինչպես կարող եմ իմ բառերով քեզ տանել այդ հրաշք բնության մոտ։ Այդ ոսկեզօծ արտերի պարը, քամու երգը և գետի ճառը պետք է դու քո աչքով տեսնես, լսես ու զգաս։ Ամբողջ ճանապարհին Սևանը իր երկարությամբ ձգվել էր, և դարձել մեր ուղեկիցը։ Արմաղանի բարձրունքը հաղթահարելիս, ամեն մի քայլ անելիս շրջվում էինք ու նայում ամբողջական տեսարանին: Տեսարան էր, որտեղ ասես մեկը քամու միջոցով արտերի հետ ինչ-որ կռվի մեջ էր մտել։ Քամին ավելի ուժեղ էր հարվածում, իսկ նրանք` ավելի ուժեղ այս ու այն կողմ լինում։ Արմաղանը ես նվաճել եմ 2018 թվականի սետեմբերի 21-ին, կրկին մեր խմբով ենք եղել, կրկին «Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում:
Ճամփորդությանը հայտագրվելիս մի փոքր տատանում կար, սակայն հիմա հասկանում եմ, որ ամեն ճամփորդություն յուրովի է և ինքնատիպ։ Կապ չունի դու այդ ուղղությամբ արդեն ճամփորդել ես, թե` ոչ։ Այս ճամփորդությունը տարբերվում էր իր գույներով, իր եղանակով, մեր հավաքած մրգերով, հոգատար հյուրընկալությամբ, նոր ընկերների ծանոթությամբ և, իհարկե, երաժշտական մշտական միջամտություններով։ Դպրոցական տարիներից հիշվելու են այս ճամփորդած օրերը, հիշվելու են թե ինչ դժվարությունների հանդիպեցինք, ինչպես լուծում տվեցինք, իսկ օրվա վերջում ինչպես ծիծաղեցինք այդ անցած գնացած դժվարությունների վրա։ Մի խոսքով, շատ ճամփորդեք, որ շատ բան հիշեք։







No comments:

Post a Comment