Saturday, 12 September 2020

«Պարացելսի վարդը» վերլուծություն

 Ճիշտն ասած՝  պատմվածքը առաջին անգամ կարդալուց հետո բազում հարցեր էին ծագել, և ինչ-որ տեղ նաև չէի կարողանում հասկանալ, թե ինչու է Պարացելսը հետ ուղարկում աշակերտին, չէ՞ որ որպես ուսուցիչ քո ամենակարևոր և առաջնային պարտավորությունը սովորեցնելն է, անկախ աշակերտի կարողությունից։ Մանավանդ որ հենց ինքն էր ինչ-որ անորոշ Աստծու խնդրում աշակերտ ուղարկել։ Եվ անընդհատ համեմատում էի սովորական դպրոցում աշխատող դասավանդողնին Պարացելսի հետ։ Ինձ թվում է, հենց այդ համեմատությունն էր խանգարում ինձ տեսնելու Պարացելսի իրական դերը։ Այժմ հասկանում եմ, որ և՛ աշակերտը, և՛ Պարացելսը ունեն իրենց ճանապարհները և դրանք չեն հատվում, աշակերտը հաստատ կգտնի ուրիշ ուսուցչի, ով իրեն կընտրի, նույնն էլ Պարացելսը։ Պատմվածքի վերջում ասվում է, որ երկուսն էլ գիտեն, որ այլևս չեն հանդիպելու, որտեղ երևում է դասավանդողի և սովորողի հարաբերությունները հրաժեշտ տալուց առաջ, երևում է նրանց միջև փոխադարձ հարգանքը։ 

Քննարկման ժամանակ խոսեցինք դասավանդողի և ուսուցչի տարբերության մասին։ Մանավանդ դպրոցներում բոլոր կրթողները դասավանդողներ են, իսկ ցանկության և ընտրության դեպքում՝ նաև ուսուցիչ։ Ինչպես տեսնում ենք պատմվածքում, Պարացելսը աշակերտին իրենց կարճ հանդիպման ժամանակ տալիս է մի քանի կարևոր դաս, որից, ի վերջո, ինչ-որ բան քաղում է աշակերտը։ Եվ Պարացելսը, իր իսկ որոշմամբ և ընտրությամբ, դասավանդողից չի կերպարանափոխվում ուսուցչի։ 

Շատ հետաքրքիր ծանոթություն էր Բորխեսի հետ, որը վաղ թե ուշ պետք է լիներ, և ուրախ եմ, որ հենց այս պատմվածքից սկսվեց։ Նաև շատ տեղին էր, քանի որ կարդալիս հասկանում ես, որ դպրոցում սա քո վերջին ուսումնական տարին է, և լինելու են  ուսուցիչներ, որոնց պետք է հրաժեշտ տաս, ինչպես աշակերտը Պարացելսին։ 

No comments:

Post a Comment