Արատեսը չորս եղանակում էլ շողում է։ Կապ չունի, թե այն պատված է ճերմակ սավանով, թե վառվռուն աշնանային գույներով :Այս անգամ Արատեսում անցկացրած ժամանակը այդքան էլ մեծ չէր, սակայն մեր գործունեությունն էր մեծ։ Ինչ ասես՝ չարեցինք, բայց ամենակարևորը՝ արատեսյան հարթակի բացումը մենք արեցինք։ Ստեղծեցինք այնպիսի միջավայր, որտեղ բոլորը անխըտիր կարող են ստեղծագործել։ Բնությունը դիմացից,երաժշտությունը կողքից, մուսան ինչո՞ւ պետք է չգա։ Մեր նախագծային խմբի նպատակը այս անգամ մի քիչ այլ էր։ Գնացել էինք ճարտարապետ ուսանողների հետ։ Հետևելով նրանց գործունեությանը՝ գաղափար էինք կազմում, թե ընդհանրապես ինչ է ճարտարապետությունը։ Առաջին անգամ դա տեսնում էինք գործնականում, այլ ոչ թե տեսականորեն։ Իսկ ուսանողների ղեկավար Արման Թորոսյանը մեզ պատմեց եկեղեցաշինության մասին։ Եվ համոզված եմ, որ այժմ՝ եկեղեցի մտնելիս, մի լավ զննելու եմ շինությունը։
Արատեսի բնությունը ուրիշ է։ Ճանապարհ էինք ընկել վախվխելով, բայց առաջ էինք շարժվում։ Հետաքրքիր էր, թե ինչպես է բնությունը իր իսկ ճաղերը քաշել։ Եվ իզուր չէ, որ այն շատ մաքուր էր։ Եղինջները բարձրացել էին և թիկնապահների դեր էին խաղում։ Գետը ջինջ վարարում էր, չորս կողմդ նայում էիր, էլի չէիր կշտնում։ Տարատեսակ գույներ, բույսեր, ծաղիկներ և կենդանական աշխարհ։ Հետաքրքիր մոտեցում ուներ բնությունը, նախ ստիպում էր վախենալ, իսկ հետո ստիպում էր առաջ շարժվեք, քանի որ այնտեղից տեսարանը շատ ավելի լավն է։ Այսպես էր այս անգամվա Արատեսը, ինչպես միշտ տարբերվող և յուրովի։
No comments:
Post a Comment