Friday 2 March 2018

Մի մեծ փոթորիկ մի փոքր շփոթմունքից


Մտքերիս անդունդն եմ ընկնում ։ Ու ծիծաղելին այն է, որ երբեք չեմ ուզում դուրս գալ այնտեղից։ Այնտեղ մենակ եմ, բայց ինձ երբեք մենակ չեմ զգում, բանտարկված եմ ճաղերի ետևում, իրականության դռների բանալին ափիս մեջ, բայց ընտրում եմ փակված լինել, հեռավոր իմ մտքերում։ Բանտարկված եմ, քանի որ չեմ կարող կիսվել, արտահայտել ճիշտ միտքս։ Դատապարտված եմ իմ իսկ պատերազմում։ Հուգուս, մտքիս, սրտիս հետ ինչ որ բան է կատարվում, բայց չեմ հասկանում։ Պատերազմում են նրանք ի՞մ դեմ, թե՞ իրենց դեմ, չգիտեմ։ Ասե՞մ միտքս, թե՞ նրան պահեմ իմ մեջ։ Կիսվե՞մ շրջապատիս հետ իմ մտածելակերպով, իսկ եթե հանկարծ խոսքերովս  վիրավորե՞մ ինչ-որ մեկին։ Հույն փիլիսոփա Խենոքրատեսը ասել է <<Ես հաճախակի զղճացել եմ իմ խոսքը, բայց  երբեք ոչ իմ լռությունը>>։   Բառերի հետ լավ չեմ, երբեք չեմ կարողանում իմ միտքը գեղեցիկ արտահայտեմ՝ բառերով, նախադասություններով ու հայտնեմ դա ձեզ։ Եթե միտքս ձեզ բացեի կամ բառերով, կամ պատկերով, կամ ինչ-որ ձևով, դուք էլ երևի չէիք հասկանա այն։ Բոլորիս միտքը տարբեր է դասավորված, տարբեր լեզվով է։ Բայց դա մեր լեզուն չէ, այն մի ուրիշ գերբնական հզորություն է, որով մտածում ենք։ Մենք երբ մտածում ենք, մեր ունեցած միտքը մեզ պետք չէ բացատրել հայերենով, կամ ուրիշ լեզվով, մենք միայն մտածում ենք ու դա հայտնվում է։ Առանց մտքումդ մի շշուկ հանելու՝ միտք է դասավորվում։ Մի միտք, որ անդրադառնում է քո ամբողջ մտածելակերպին։ Մի միտք այնքան ուժեղ, որ փոխում է ամեն ինչ մի ակնթարթում։ Իսկ ինչպե՞ս բացեմ ձեր առջև իմ միտքը։ Ինչպե՞ս։ Միտք փոխանցելուց, ուղեղս , ճիշտ կարծես թարգմանի իմ միտքը դեպի հայերեն, որ դուք էլ այդ հասկանաք։ Իսկ ձեզ մինչ բացատրում եմ՝ մի նոր միտք է ծագում։ Ոգևորվում եմ ու փորձում դա էլ ձեր հետ կիսել։ Այդ ժամանակ ասես գլխուղեղս խառնվում է իրար, շփոթվում է։ Մի նոր միտք նորից, և նորից կրկնակի շփոթմունք։ Խոսքերս բերանիցս դուրս են պրծնում ոչ թե բառերի տեսքով, այլ կմկմոցների տեսքով։ Ու այդպես հոգնում եմ և դադարեցնում իմ ջանքերը։ Մտածելով , թե լավ ոչինչ քեզ մի տանջի, մեկ է չես կարողանում բացատրել։ Սիրում եմ այն մարդկանց, որոնց հետ շփվելը հեշտ է, և կես բառից քեզ հասկանում են։ Սակայն այդ մարդկանց թիվը քիչ է։ Պետք է սովորեմ խոսել, ուրիշ ճար չունեմ։ Մեջս պատերազմ է և չգիտեմ ,ինպես խաղաղության դրոշը թափ տամ։ Միայն գրելով եմ կարողանում մտքերս փոխանցել ինչ-որ մեկի հետ։ Ով կլսի, ով կկարդա։ Պետք է սովորեմ խոսել, պետք է չալարեմ և անկախ դիմացինիս դեմքի ձանձրույթից նորեն և նորեն բացատրեմ, որպեսզի ավարտեմ պատերազմը մտքումս։


No comments:

Post a Comment