Thursday, 16 April 2020

La Poesia de Alicia Ghiragossian

 


Si escribes en inglés, piensas  de manera diferente. Y cuando escribes en español o  en armenio es diferente tambien . No sé por qué pero pienso asi . Cuando leemos las obras  de  los escritores que han escrito en más de un idioma, vemos una  gran diferencia




Puedes ver mis grabaciones en armenio. 

Կարդում ենք Ալիսիա Կիրակոսյան

Alicia Ghiragossian - Posts | FacebookՉգիտեմ ինչու, երբ իմացա Ալիսիա Կիրակոսյանի ծննդավայրը Կորդովան է, աչքերիս մեջ մի ակնթարթ փայլ երևաց։ Սփյուռքահայ բանաստեղծներից է դա երևի գալիս։ Քանի որ ինչ որ տեղ ունենում ես հնարավորություն կարդալ նրանց երկու կամ ավելի լեզուներով։ Եվ ես կարծում եմ լեզուն քեզ փոխում է։ Եթե դու անգլերեն ես գրում, ինչ որ տեղ ուրիշ ձև ես խորհում։ Իսկ երբ գրում ես իսպաներենով՝ ուրիշ, հայերենով ՝ ուրիշ։ Չգիտեմ ինչու եմ այսպես մտածում։ Բայց երբ նայում ենք գրողների, ովքեր ստեղծագործել են մեկից ավել լեզուներով տեսնում ենք առկա ինչ-որ տարբերություն։ Երևի ինձնից է, տարբեր լեզուներով տարբեր եմ ընկալում ստեղծագործությունը։ Սակայն հնարավոր է նաև իրենցից է։


 





Կարող ես նաև լսել ձայնագրությունները իսպաներենով։ 

Saturday, 11 April 2020

Կարդում ենք Հենրիկ Էդոյան


Dirk Skiba Fotografie - Henrik Edoyan Հենրիկ Էդոյան
Դատապարտված սենյակիս պատերին, նրանք էլ՝ փոխադաարձ, մի բաժակ թեյ եմ լցնում և նստում պատուհանի առջև։ Խաղաղ մթնոլորտ է տիրում։ Անծանոթ խաղաղություն է, չկա օրը խափանելու սպասողությունը, չկա դռան հետևի անակնկալը։ Կա միայն հանգիստ միջավայր։ Այսպսի հագնիստ միջավայրում էլ կարդում եմ Հենրիկ Էդոյան. չգիտեմ՝ ինչից է, բայց իր ստեղծագործությունները այսօրվա առօրյայիս հետ ինչ-որ տեղ շատ լավ են կապակցվում։ Ավելի լավ ժամանակ չկար նրա գրերին ծանոթանալու։ Մի քանիսը ձայնագրել եմ, մի քանիսը՝ առանձնացրել։ Մեծ հաճույքով դրանք էլ կձայնագրեի, սակայն ինչ-որ բան այն չէր։ Չէր ստացվում։ Այսօր նորից կարդացի առանցնացրածներս, և նկատեցի, որ դրանց մեջ կա մի իրար նման բան։ Ընդհանրապես պոեզիայի ձայնագրումը իր մեջ անձնական մի բան է պարունում։ Վերջապես այն քո միջով է անցնում, և ուզես- չուզես, քո ձայնով, քո հնչողությամբ և քո առոգանությամբ ազդում ես նրա վրա։ Իսկ այս բանաստեղծություններին չէի ուզում դիպչել, նրանց պետք է անձնական մոտեցում ցուցաբերել։ Ինչո՞ւ անձնական, տեսեք ինքներդ։  




ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ
Ինչպիսի՞ն էր երկիրը՝ երբ առաջին անգամ
Ադամը տեսավ նրան,
և ինչպիսի՞ն կլինի՝ երբ վերջին մարդը
հրաժեշտից առաջ
կնայի նրան
արցունքների միջից: Դրանք կլինեն
Դրախտը կորցրածի
և երկրից հեռացողի
արցունքներ:
Դրանք չեն տարբերվի մեր արցունքներից:

Սա կարդալիս, պատկերացնում էի վերջին մարդուն։ Փորձում հասկանալ նրան,  բայց ինչ-որ տեղ առաջին մարդը և վերջին մարդը ինձ համար նույնը դարձան։ Չէ՞ որ մենք բոլորս մեր աշխարհը ստեղծում ենք, մշակում ու կերտում։ Մենք մեր աշխարհում առաջինն ենք և կլինենք վերջինը։ Եվ որ մեզ համար այդքան էլ կարևոր չէ ընդհաննուր աշխարհը մեր մահից հետո, քանի որ մենք մեր աշխարհը նենգաբար մեզ հետ տանում ենք։ Ինչպես ստեղծել ենք, այնպես էլ ոչնչացնում ենք։ Իհարկե, ստեղծագործությունը ամեն անգամ կարդալով տարբեր մտքեր են առաջանում, որոնց բացահայտումը կթողնեմ ձեզ։

ԲԱՅՑ Ո՞ՒՐ Է ՏԵՔՍՏԸ
Ինչը գրել ես՝ եղել է
առաջաբան:
Իսկ հիմա արդեն
վերջաբանն ես գրում: Այսպես,
միանգամից:
Բայց ո՞ւր է տեքստը,
որ դու չգրեցիր:

Ասես չհասցրինք տեքստը գրել։ Մինչ առաջաբանում սկսեցինք ճանաչել մեզ, ճանաչել ժամանակը, վայրը։ Մինչ փորձեցինք ճանաչել դերերը, արդեն հասավ ժամանակը, երբ պետք է գիրքը ցած դնենք։ Ինձ թվում է՝ մի երկա՜ր առաջաբան կստացվի, որտեղ ամեն էջում դերերը շատանում ու քչանում, որտեղ ժամանակներն են փոխվում և ահա չոր ու կոպիտ կգրվի ՎԵՐՋ։

Սիրո երգ
Նա իմ կողքին էր, հենված էր իմ ուսին, թեև ես
ինքս հենարան չունեի:
Քիչ էր մնում ընկնեի: Բայց գնում էինք,
միասին, օրվա միջով:
Դու մենակ չես
Մի՛ վախեցիր, դու մենակ չես, քո
թիկունքում կանգնած է մեկը, որ գիտի՝
ինչ է պետք, և գիտի այն ուղին, որով
դու պիտի
անցնես, նա տեսնում է քեզ, ուղղում քո քայլերը,
ջնջում քո սխալները: Դու մենակ չես:
Սպասի՛ր: Մեկը քեզ համար
մի տուն է կառուցում, որի գծագիրը
դրված է սեղանիդ, թեև նա ուրիշ տեղ է, մի ուրիշ քաղաքի
քարտեզի վրա: Եվ որքան միջօրեն
ավելի պարզվում է, ավելի լուսավորվում, այնքան գիշերը
ավելի խիտ է դառնում:
Բայց դու մենակ չես,
քո թիկունքում կանգնած է մեկը:
Կենսագրական տվյալներից
…և նա որոշեց իր կյանքից մի անգամ
արձակուրդ առնել իր հաշվին:
Արթնացում
Գտա ևս մեկ օր:
Գտա, բայց հետո
չգիտեմ՝ ուր պահեմ:
Այնքան լավն են, որ ուզում եմ բոլորը տեսնեք ու բոլորը կարդաք ու զգաք։ Համոզված եմ, երբ այս օրերն անցնեն ու գնան , երբ կարողանամ հանգիստ առանց մտավախությունների դուրս գալ տնից, կգնամ մեր մոտի գրախանութ և կգնեմ մի օրինակ Հենրիկ Էդոյանի գրքերիից։ 

Wednesday, 8 April 2020

Հենրիկ Էդոյանի «Ամեն ինչ․․․»






ԱՄԵՆ ԻՆՉ…
Կարող ես անել ամեն ինչ, երբ ոչինչ չկա անելու,
ամեն ինչ կարող ես ասել, երբ չունես ոչինչ ասելու,
կարող ես ամեն տեղ գնալ, երբ ոչ մի տեղ չունես գնալու:
Ամեն ինչ կարող է պատահել, երբ ոչինչ չի պատահում,
երբ ճիշտ է շուրջդ ամեն ինչ, ուրեմն ոչ մի բան ճիշտ չէ:
Երբ ժամանակը բացվում է քո առջև ոտից մինչև գլուխ,
ուրեմն դու այլևս ժամանակ չունես:
Ամեն ինչ ավարտված է:








Մտորումներ․

Կյանքում երբեք, երբեք այսքան ժամանակ չեմ ունեցել, և հիմա, երբ կա, մեկ է, չկա։ Երբ տրվում ենք ժամանակին, այն իր կարևորությունը կորցնում է, ասես բոլորս գտնվենք Դալիի «Հիշողության հարատևություն» ստեղծագործությունում։ Ժամանակը երբեք այսքան բռիս մեջ չի եղել, և ես նրան ամեն պահի բաց եմ թողնում։ Ժամերը փոխվել են գույների, նայում եմ երկնքին. լույս է, ուրեմն արթնանալ է պետք, մութ է՝ քնել է պետք։ Ու քանի որ գարունը մի շատ անպատասխանատու և  անսպասելիի մեկն է, իմ արթնանալու և քնելու սամանները իրար մեջ են մտած։ Մտքումս Ժամանակը հալվում է, դառնում ոչ էական ֆունկցիա, որը ինձ ոչ մի օգուտ չի տալիս, այն միայն հիշեցում է, որ ես պարապ զբաղված եմ։ Միակ դրական կողմը այն է, որ ինձ զգում եմ Մարկ Զախարովի  «Այդ նույն Մյուխհաուզենը» ֆիլմի գլխավոր դերերում. ժամանակը դարձել է մի աննշան բան, որը հեշտությամբ՝ ընդամենը մի կրակոցով կարող եմ այս ու այն կողմ տանել։ Եվ իմ բոլոր այս դառը նողկանքի զգացողությունները պատկերված են Հենրիկ Էդոյանի  «Ամեն ինչ․․․» ստեղծագործությունում։ Իրականում, կարևոր են այս պահերը։ Ես հասկանում եմ, որ առանց աշխատանքի, առանց գործի, առանց մի բան անելու ես ոչինչ եմ։ Ավելին, այն միակ բանն է, որ կարողանում է ինձնից մարդ սարքել։ Այն միակ բանն է, որը ինձ ստիպում է արթնանալ, ապրել, սովորել։ Ի վերջո, մի բան անել։