Իզմիրյան հուշեր


Ասացին՝ կգնաք Ստամբուլ, Ստամբուլի պատը կտեսնեք, Այա Սոֆիան կտեսնեք, բա գիշերով Ստամբուլ քաղաքի լույսերը՜՜։ Այս բոլորը իրար հետ դեռ համեմատելի չէին Իզմիրում անցկացրած օրերիս հետ։ Իզմիրում ճամբարը, նախ ասեմ, ինչպես գիտեք, միջազգային ճամբար էր։ Այդպիսով հնարաավորություն ունեցանք շփվելու մեր տարեկիցների հետ, ովքեր աշխարհի տարբեր մասերից էին եկել։ Ինձ համար մեծ կարծրատիպեր կոտրվեցին՝ շփվելով նրանց հետ։ Կարծրատիպեր, որոնք իմ գլխում արդեն իրենց տեղն ունեին։ Բանն այն է, որ այս կարծրատիպերը, ուզես-չուզես, մտնում են քո ուղեղի մեջ։ Իսկ այնտեղ հասկացա և տեսա, որ կարծրատիպերը մարդկանց պատրաստած մի հեքիաթ է ուղղակի։ Իզմիրը ինձ համար աստղագիտության հասկացության մեջ բացեց հազարավոր դռներ։ Այնքան հետաքրքիր էր, մի վայրկյան դու պարապ չէիր մնում։ Հենց լսում էի <<պրեզենտացիա>> բառը, միանգամից ոգևորվում էի։ Այնպիսի լավ ընկերներ գտա․․․ Վերջին օրը բոլորս տխուր-տխուր նստած էինք։ Գիտեինք, որ վաղը էլ իրար հետ չենք լինելու, ու եկանք մի շատ ցավոտ, բայց իրական մտքի, որ շատ հնարավոր է՝ էլ երբեք իրար չենք տեսնի։ Սակայն ինչ լավ է՝ մեր ժամանակաշրջանում կա էս Ինտերնետը, այսպես գոնե կապ պահում ենք։ Վերջին օրերին այնքան հարազատ էին դարձել ընկերներս, որ երբ ինչ-որ բան էի ուզում ասել, հայերեն էի ասում, հետո արագ անգլերեն։ Իսկ նրանք էլ՝ նույնը։ Մոռանում էինք, որ մեր կողքինները աշխարհի տարբեր մասերից եկած մարդիկ են, նրանց առօրյան է տարբեր, նրանց մշակույթը, նրանց ամեն ինչը տարբերվում էր մեզնից։ Սակայն վերջին օրը հասկացանք, որ ոչ, դա այդքան էլ ճիշտ չէ։ Մենք նույն երեխաներն ենք ներսից, ուղղակի արտաքինից դա չի երևում։ Բոլորս էլ Երկիր մոլորակից էինք, և ազգը, կրոնը, մշակույթը կապ չուներ Իզմիրում։ Բոլորս մեկն էինք։


No comments:

Post a Comment