Բարև, ես Նանորն եմ, 16 տարեկան եմ և ապրում եմ Երևանում։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի սովորող եմ։ Դպրոցի դրվածքի շնորհիվ հաճախ այցելում եմ գյուղեր, շրջաններ, հարևան երկրներ և հնարավորություն եմ ունեցել մասնակցելու մի քանի միջազգային ճամբարների, որոնց ընթացքում, բազմազան հետաքրքիր փորձառություն ձեռք բերելուց բացի, հղկել եմ անգլերենիս իմացությունը։ Լեզուներից սովորում եմ անգլերեն, իսպաներեն և պարսկերեն։ Հաճախում եմ Ամերիյան Համալսարանի EEC պարապմունքներին։ Մասնակցել եմ Թումոում դասընթացների և ունեմ
իմ ուսումնական բլոգը։
Համոզված եմ, որ եթե մի տարի առաջ ինձ հարցնեին, թե արդյոք իմ ապագան տեսնում եմ ՏՏ ոլորտում, պատասխանս բացասական կլիներ։ Սակայն մի տարի առաջ, մասնակցել եմ Տեխնովացիա մրցույթին, որը հնարավորություն է տալիս սովորել և մեր իմացությունը ներդնել՝ աշխարհի հրատապ խնդիրներին լուծում գտնելու համար։ Խնդրի լուծումը պետք է լիներ բջջային հավելվածի տեսքով։ Մենք ընտրեցինք երիտասարդների գործազրկության հարցը և իմ կարծիքով, հաջողված բջջային հավելված ստեղծեցինք։ Հայաստանում հաղթեցինք, սակայն ցավոք, չկարողացանք անցնել միջազգային փուլ, և ֆինանսական առումով մեր հավելվածը աշխատացնել։ Այնուամենայնիվ, այս տարի ավելի լավ լուծումով, ավելի հրատապ խնդրով, ավելի մշակված և աշխատող հավելվածով վերադառնում ենք։ Այս տարվա հավելվածը օգնելու է քաղաքացիներին և աղբի վերամշակմամբ զբաղվող կազմակերպություններին արագ, մատչելի կապ հաստատել միմյանց միջև և տեսակավորված աղբը ուղարկել վերամշակման: