Tuesday 2 April 2019

Ես եմ


Բարև, ես Նանորն եմ, 16 տարեկան եմ և ապրում եմ Երևանում։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի սովորող եմ։ Դպրոցի դրվածքի շնորհիվ հաճախ այցելում եմ գյուղեր, շրջաններ, հարևան երկրներ և հնարավորություն եմ ունեցել մասնակցելու մի քանի միջազգային ճամբարների, որոնց ընթացքում, բազմազան հետաքրքիր փորձառություն ձեռք բերելուց բացի, հղկել եմ անգլերենիս իմացությունը։ Լեզուներից սովորում եմ անգլերեն, իսպաներեն և պարսկերեն։ Հաճախում եմ Ամերիյան Համալսարանի EEC պարապմունքներին։ Մասնակցել եմ Թումոում դասընթացների և ունեմ  իմ ուսումնական բլոգը։
Համոզված եմ, որ եթե մի տարի առաջ ինձ հարցնեին, թե արդյոք իմ ապագան տեսնում եմ ՏՏ ոլորտում, պատասխանս բացասական կլիներ։ Սակայն մի տարի առաջ, մասնակցել եմ Տեխնովացիա մրցույթին, որը հնարավորություն է տալիս սովորել և մեր իմացությունը ներդնել՝ աշխարհի հրատապ խնդիրներին լուծում գտնելու համար։ Խնդրի լուծումը պետք է լիներ բջջային հավելվածի տեսքով։ Մենք ընտրեցինք երիտասարդների գործազրկության հարցը և իմ կարծիքով, հաջողված բջջային հավելված ստեղծեցինք։ Հայաստանում հաղթեցինք, սակայն ցավոք, չկարողացանք անցնել միջազգային փուլ, և ֆինանսական առումով մեր հավելվածը աշխատացնել։ Այնուամենայնիվ, այս տարի ավելի լավ լուծումով, ավելի հրատապ խնդրով, ավելի մշակված և աշխատող հավելվածով վերադառնում ենք։ Այս տարվա հավելվածը օգնելու է քաղաքացիներին և աղբի վերամշակմամբ զբաղվող կազմակերպություններին արագ, մատչելի կապ հաստատել միմյանց միջև և տեսակավորված աղբը ուղարկել վերամշակման:

Ահա այսպես հահայացքս ուղղվեց դեպի ՏՏ ոլորտ։ Հասկացա, որ այն շատ բնագավառներում կարող է օգնել ինձ։ Համացանցի ընձեռած հնարավորությունների շնորհիվ ինքնուրույն զբաղվում եմ ծրագրավորմամբ, այսպես ասած, զբաղվում եմ ինքնակրթությամբ։ Տարբեր ուսումնական հոլովակեր դիտելով, բազմաթիվ առցանց դասընթացներով ստացել եմ հետաքրքիր գիտելիքներ։ Այժմ համանցանցի օգնությամբ սովորում եմ  Python: HTML-ով փորձում եմ նշանագրել վեբ-էջեր։ Վերոհիշյալ հավելվածը  ստեղծել ենք App Inventor-ով, որը հիանալի վեբ հավելված է սկսնակների համար։
Ճիշտ է, շատ քիչ ժամանակ է, ինչ զբաղվում եմ ծրագրավորմամբ, այնուամենայնիվ, ինչքան խորանում եմ, հասկանում եմ, որ ՏՏ-ն օգտագործվում է շատ տարբեր ասպարեզներում։ Եվ արդեն ամեն խնդրին մոտենալիս ուրիշ մտածողությամբ եմ մոտենում։ Օրինակ՝ համացանցում չկա լավ աշխատող իսպաներեն-հայերեն  բացատրական բառարան, հարցը շատ հեշտությամբ լուծվում է բջջային հավելվածի ստեղծմամբ։ Վերջերս ընկերներով «Clue» սեղանի խաղն էինք խաղում, որտեղ թղթերի վրա նշումներ պետք է կատարեինք։ Նկատեցինք, որ թղթերը սպառվում են, և քանի որ չենք ցանկանում թուղթ վատնել, որոշեցինք հավելված ստեղծել, որը նույն ֆունկցիան կկատարի, և խաղի ժամանակ թղթի վատնումը կկասեցնի։ Նոր մոտեցումներով և տարբեր լուծումներով եմ մոտենում այժմ խնդիրներին։ Եվ դեռ շատ բան ունեմ սովորելու և բացահայտելու ՏՏ-ի ոլորտում։

No comments:

Post a Comment