Monday 4 November 2019

Նանորն ու Պապիկը

Մանկությունը ինչ հետաքրքիր երևույթ է, չէ՞, անգամ ամենավատ օրերն ու ժամերը լցված էին լինում ինչ-որ բարի ու դրական լիցքով։ Քույրս ինձնից մի ութ տարով մեծ է, երբ նստում ենք ու հիշում մեր ապրած տարիները, հասկանում ենք, որ նույն իրավիճակը տարբեր ձևով է բացատրվել մեր ուղեղներին։ Տխուր օրերին նա տխրում էր, քանի որ հասկանում էր լրջությունը, կարողանում էր կարդալ մարդկանց հոգսերը։ Իսկ ես գտնում էի մի փոքր մանրուք ու ժամերով մտածում, խաղում, օրորվում ու ապրում էի անհոգ։ Այսպես է լինում մանկությունը, այն իր քաղցրությամբ վերացնում է դառնությունը կյաքից։ Այսպիսին էլ կար իմ մանկությունը։ Մի դեպք է իմ մեջ տպավորվել, որը, իմ կարծիքով, շատ բան է ասում իմ կյանքի մասին։ Իրար վրա երևի մի երեսուն րոպե չի տևել այդ դեպքը, սակայն այնտեղ խոսվում է փոքր ժամանակվանից մնացած իմ վատ ու լավ կողմերի մասին։ Այսպիսով՝ այս կարճ պատմության գլխավոր դերերում էինք ես ու  Պապիկս։ Փոքր ժամանակվանից եղել եմ շատ հետաքրքրասեր, հարցերով լի, ու հարցերով մարդկանց նյարդերը տաշող։ Իսկ իմ հարցախեղդի զոհը մշտապես լինում էր Պապիկս, քանի որ միայն նա էր պատասխանում համբերատար։ Ճիշտ է,  ընտանիքի մյուս անդամներն էին նաև փորձում պատասխանել, բայց մեկը աշխատանքի էր, մյուսը՝ դպրոց, երրորդն էլ պատասխանը չգիտեր և փորձում էր տարբեր ճանապարհներով հարցից խուսափել։ Մի խոսքով՝ Պապիկս ամենահարմար մարդն է այդ գործի համար։ Այսպիսով, մի բարի օր՝ ազատ պատասխանատվության տհաճ  զգացումներից, իմ փոքրիկ ուղեղում մի գաղափար է գոյանում, որը անտիկ ժամանակներից խեղդել է մեծ փիլիսոփաներին, երևի։ Այսպես, ինձնից գոհ- գոհ, նոր հարց մշակած, ինչպես անում են լրագրողները կարևոր հանդիպումներից առաջ, գնում եմ Մեծն ամենագետ Պապիկի մոտ՝ հարցնելու թե ինը հազարից հետո ինչ թիվ է գալիս։  Նա համբերատար պատասխանում է
-Տաս հազար․
Ընդունում եմ պատասխանը, բայց սա արդեն մարտահրավել է։
-Լավ, իսկ ի՞նչ է գալիս տաս հազար ինը հարյուրից հետո։
-Տաս հազար ինը հարյուր մեկ։
-Չէ, դա նկատի չունեմ է, տաս հազար ինը հարյուր իննսունինը...
- Տասնմեկ հազար։  
-Չէէ՜, էէ՜, ինը-ինը-ինը-ինը-ինը թվից հետո ի՞նչ է գալիս։  
Այստեղ արդեն երևում է, որ չեմ կարողանում իմ միտքը արտահայտել, չեմ կարողանում հասկացնել Պապիկին, թե ինչ եմ ուզում ասած լինել։ Պապիկն էլ իր աշխատանքն է անում. նա հակիրճ պատասխանում է հարցերին։  Իսկ ես ավելի եմ նյարդայնանում․
-Ասենք, մի տասը հատ իննը սենց գրեմ իրար կողքի․․ ,Ինը հարյուր իննսունիննից հետ, ինը հարյուր իննսունինը, ինը հազար իննսունինը․Չէէ ,էէէ՜հ

Տեսնես է ո՞ւր կգնար իմ միտքը, եթե կարողանայի այն ճիշտ արտահայտել։

No comments:

Post a Comment