Տոնածառի ծագումը (Մաս 1)

Tonacar
Մեր օրերում Սբ. Ծննդյան տոնի և Ամանորի անբաժան խորհրդանիշն է տոնական զարդարված տոնածառը, որը սակայն երկար ճանապարհ է անցել` մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Սբ. Ծննդյան Տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տները: Ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով և մոմերով:

Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվեց Եվրոպայի տարբեր երկրներում: Անգլիայի Վիկտորիա թագուհու ամուսինը` իշխան Ալբերտը տոնածառն ավելի նորաձև դարձրեց` 1841թ. անգլիական առաջին տոնածառը Ուինձորի դղյակում զարդարելով մոմերով, զանազան կոնֆետներով, մրգերով և մեղրաբլիթով:
Իհարկե, շուտով անգլիացի այլ հարուստներ հետևեցին նրա օրինակին` զարդարելու նպատակով օգտագործելով զանազան խենթուխելառ իրեր: Չարլզ Դիկենսը նկարագրել է տոնածառ` զարդարված տիկնիկներով, խաղալիք փոքրիկ կահույքով, երաժշտական գործիքներով, հրացաններով և թրերով, մրգով և քաղցրավենիքով:
19-րդ դարի առաջին տասնամյակներում տոնածառերն ընդունված չէին: Տոնածառի առաջին ցուցադրությունը 1830-ական թվականներին կատարեցին Փենսիլվանիայի գերմանացի նորաբնակները: Նրանք ցուցադրեցին մի տոնածառ` տեղի եկեղեցու համար գումար հանգանակելու նպատակով: 1851թ. եկեղեցիներից մեկի բակում տոնածառ դրվեց, սակայն ծխականներն այն համարեցին վերադարձ հեթանոսությանը և եկեղեցու սպասավորին խնդրեցին տոնածառը հանել:
Մինչև 1980-ական թվականները տոնածառի զարդարանքները գալիս էին Գերմանիայից, իսկ ԱՄՆ-ում տոնածառը գնալով ավելի ու ավելի մասսայական էր դառնում: Եվրոպացիներն օգտագործում էին փոքր տոնածառեր` մոտավորապես 4 ֆուտ բարձրությամբ, մինչդեռ ամերիկացիները գերադասում էին հատակից միչև առաստաղ հասնող տոնածառերը: 20-րդ դարի սկզբում ամերիկացիներն իրենց տոնածառերը զարդարում էին հիմնականում տնայնագործ զարդարանքներով, իսկ գերմանական ծագումով ամերիկացիները շարունակում էին օգտագործել խնձոր, ընկուզեղեն և նշակարկանդակ:
Շարաններ էին պատրաստվում մեջընդմեջ դրված վառ գույներով ներկված եգիպտացորենի բոված հատիկներից (ադիբուդի), հատապտուղներից և ընկուզեղենից:
Էլեկտրականությունը նպաստեց, որ լույսերով զարդարված տոնածառերը զարդարվեն աշխույժ գույներով: Դրանից հետո տոնածառերը սկսեցին հայտնվել քաղաքային հրապարակներում: Թե մասնավոր և թե հանրային բոլոր կարևոր շենքերը տոնածառի զարդարումով ազդարարում էին Սբ. Ծննդյան Տոնի սկիզբը:
Վաղ տոնածառերը զարդարվում էին փերիների և բարի հոգիների պատկերներով, թեև եղջյուրները և զանգակներն էլ օգտագործվում էին չար ուժերին վախեցնելու համար: Լեհաստանում տոնածառերը զարդարվում էին հրեշտակներով, սիրամարգերով և այլ թռչուններով, ինչպես նաև շատ աստղերով, Շվեդիայում` վառ գույներով ներկված փայտե խաղալիքներով և կենդանիների ու երեխաների ծղոտե պատկերներով:
Դանիայում տոնածառների վրա կախում էին դանիական փոքրիկ դրոշակներ, զանգակներ, աստղեր, ձյան փաթիլներ և սրտիկներ: Ճապոնիայում քրիստոնյաները նախընտրում էին փոքրիկ հովհարներ և թղթե լապտերինկեր: Լիտվայում տոնածառերը զարդարում էին ծղոտե թռչնավանդակներով, աստղերով և երկրաչափական պատկերներով: Ծղոտը խորհրդանշում էր նոր տարում առատ բերքի մաղթանք: Չեխոսլովակիայում տոնածառերը զարդարում էին ներկված ձվի կճեպից պատրաստված զարդարանքներով:
Ուկրաինայում տոնածառերի վրա կար սարդը և սարդոստայնը` որպես հաջողության խորհրդանիշ: Կա լեգենդ մի աղքատ կնոջ մասին, ով ոչինչ չուներ` զարդարելու իր երեխաների տոնածառը: Սբ. Ծննդյան Տոնի առավոտյան արթնանալով` նա տեսում է, որ ծագող արևն արծաթի է վերածել իրենց տոնածառի` սարդոստայնով պատված ճյուղերը: