Եղևնու հայտնվելու պատմությունը (Մաս 7)



Եվրոպայում Սբ. Ծննդյան տոնի ծառն իր անմիջական նախորդն ունի: Դա փայտե կառույց էր` բուրգի տեսքով, որի վրա կախված էին բուսականություն և զարդարանքներ: Նվերները կամ քաղցրավենիքը դրվում էին բուրգի դարակներին: Մինչև տոնածառի հայտնվելը նման բուրգը Գերմանիայում և Հյուսիսային Եվրոպայում համարվում էր Սբ. Ծննդյան տոնի գլխավոր զարդը:
Սբ. Ծննդյան տոնածառի մասին առաջին գրավոր հիշատակությունը թվագրվում է 16-րդ դարին: Օրինակ, 1561 թվականին թվագրված գերմանական աղբյուրում ասվում է, որ Սբ. Ծննդյան տոնին տանը չի կարող լինել մեկից ավելի տոնածառ:

17-րդ դարում արդեն տոնածառը Գերմանիայում և Սկանդինավյան երկրներում դարձավ Սբ. Ծննդյան տոնի առաջին ատրիբուտը: Սբ. Ծննդյան տոնածառն Ամերիկա տարան գերմանացի վերաբնակիչները, ինչպես նաև հանուն անկախության պատերազմին մասնակից վարձկանները:
Ինչո՞վ էին զարդարում տոնածառը: 16-րդ դարում Գերմանիայում տոնածառը զարդարում էին փոքրիկ ֆիգուրներով և գունավոր թղթերից կտրատված ծաղիկներով, խնձորներով, վաֆլիներով, ոսկեզօծ առարկաներով, շաքարով:
Ընդհանրապես, տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է դրախտի` խնձորներով զարդարուն ծառի հետ: Տոնածառի հաջողությունը բողոքական երկրներում ավելի մեծ էր` շնորհիվ լեգենդի այն մասին, որ Մարթին Լյութերն առաջինն էր մտածել տոնածառի վրա մոմեր վառել: Մոմերի փոխարեն էլեկտրական լուսաշղթաների կիրառման գաղափարն անգլիացի հեռախոսավար Ռալֆ Մորիսինն է:
Մինչ այդ էլեկտրական լամպերն արդեն կիրառվում էին հեռախոսային բաշխիչ վահանակներում, իսկ Մորիսը մտահղացավ դրանք կախել տոնածառի վրա: Էլեկտրական լուսաշղթաներով առաջին տոնածառերը հայտնվեցին Ֆինլանդիայում 1906 թվականին:
Քանի որ առաջին տոնածառերը զարդարված էին բնական ծաղիկներով և մրգերով, իսկ ավելի ուշ ավելացան քաղցրավենիք, ընկույզ և տոնական մոմեր, ապա նման բեռն անշուշտ ծանր էր ծառի համար: Դրա համար էլ գերմանացի ապակի փչող բանվորները սկսեցին արտադրել սնամեջ ապակե խաղալիքներ տոնածառի համար` փոխարինելու մրգերին և այլ ծանր զարդարանքներին: