
Փարվանա լճի ափին նստած՝ նայում էի հեռուն ու մտածում։ Մտածում էի, թե բնությունը խոսքերով չես կարող ամփոփել, չկան բառեր կամ հերիք չեն կամ, անգամ երբ բառերով սահմանափակվում ես, կարդում ես ու պատկերացնում, մեկ է, երբ այն տեսնում ես քո աչքերով, զգում ես․․․ Քո պատկերացրածից շատ-շաա՜տ ավելին է։ Այդպիսի հանգստություն, հանդարտություն, գեղեցկություն մի նկարում չես տեսնի․ Ինչ ես տեսա, զգացի այնտեղ։ Երբ մտքումդ միայն ջրի ձայնն է և քո մտքերը, որոնք առանց հրավերքի ներս են մտնում։ Երբ խաղաղություն է տիրում ամբողջ հոգումդ։ Երբ Երևանում կարդում էի Թումանյանի գրած <<Փարվանան>>, երբեք չէի պատկերացնում այն, ինչ տեսա, զգացի։ Շատ դժվարությամբ եմ կարողանում բառեր գտնել, որպեսզի ձեզ բացատրեմ, բնութագրեմ, նկարագրեմ այդ պատկերը, բայց իզուր, քանի որ ինչ այնտեղ ես տեսա, երբեք չեք հասկանա, մինչև դուք ականատես չլինեք։

Միշտ, երբ ճամփորդությունից վերադառնում եմ, ընտանիքիս հենց այդ նույն օրը գժվեցնում եմ իմ հետաքրքիր պատմություններով։ Ինչ տեսա, ինչպիսին էր, տպավորություններս։ Ճամփորդության ընթացքում միշտ լինում են խոչընդոտներ, <վատ> իրադարձություններ։ Բայց երբ արդեն վերադարձի ճամփին ես ու մտքումդ վերհիշում ու ամփոփում ես ամբողջ ճամփորդությունը, լավերի քանակը վատին միշտ գերազանցում է։ Ինչքան էլ սիրեմ ճամփորդել, երբ երկրից դուրս եմ գնացել, միշտ ինձ օտար եմ զգացել, բայց ոչ այս անգամ։ Ոչինչ չէր փոխվել, ես ինձ հարազատ էի զգում։ Այնքան բաներ կային, որոնք ինձ տպավորեցին, բայց ամենաշատը բնությունն էր. աչքդ պատուհանից այն կողմ չէիր կարողանում տանել։ Վարձիայի ճանապարհին մի գեղեցիկ բերդ կար՝ Թամար թագուհու բերդը: Աչքս չէի կարողանում կտրել։ Սիրում եմ այդպիսի պատմական վայրեր։ Պատուհանից դուրս քարանձավներն էին, կողքով հոսում էր գետը։ Ամեն ինչ կանաչ էր՝ տարբեր երանգներով։

Խմբագիր՝ Հասմիկ Թոփչյան
Ֆիլմը՝ Գոհար Եղոյան
No comments:
Post a Comment