Պատվախնդրությունն ու մենք

Ամեն ինչ շատ պարզ է, երբ համեմատում ենք պատվախնդրությունը արժանապտվության հետ։ Սակայն տարբերելը հերիք չէ։ Բոլորս էլ գիտենք, որ մեր անձի նկատմամբ ունեցած հարգանքը, մենք մեզ պատասխանատու լինելը դրական երևույթներից են։ Եվ շատ լավ էլ գիտակցում ենք, որ պետք չէ ուրիշի կարծիքը մեր մասին բարձր պահելու համար դեմ գնանք մեր իսկ արժեքներին, այսպես ասած, մեր պատիվը գետնով չտալու համար։ Սակայն ինչքան շատ եմ մտածում այս թեմայի շուրջ, այնքան ավելի եմ մոլորվում։ Եվ արդեն չգիտեմ, թե արդյոք իրականում հենց ես այդպես եմ վարվում։ Ցավալի է, որ կարող եմ ասել, որ իմ կյանքում պատվախնդրության դեպքերը գերազանցում են արժանապատվության դեպքերը։ Լինի դա սպանության ձևով, թե սովորական խոսակցության, հագուկապի և վերաբերմունքի ձևով, մեկ է, նույն բանն է։ Չեմ կարծում՝ շատ տարբեր ենք ես և Մոսին։ Երկուսս էլ զոհ ենք համարվում պատվախնդրության ձեռքում։ Չէ՞ որ մեզ նույն ուժն է դրդում։ Չէ՞ որ մեր արարքներից միայն մի բան ենք ակնկալում՝ ունենալ հասարակության հավանությունը։ Ախր, ուղղակի ցանկանում ենք սիրված լինել մնացածի աչքերում։ Սակայն ինչ պատվի մասին է խոսքը, եթե օրվա վերջում պատիվն ու դու, քո մարմինը, հոգիդ, խելքդ, ամեն ինչդ ձուլվում դառնում եք մի տիկնիկ՝ «ապրող» խամաճիկ։ Լուսաբացին մեր թույլտվությամբ մեզ կղեկավարեն, իսկ կեսգիշերին կհասկանանք մեր ստորությունները, մեր բթամիտ արարքները։ Եվ կհիշենք այն իդեալական ու անրջական արժանապատվության մասին, որի ճանպարհից վաղուց ենք շեղվել։ Եվ կխոստանանք հետ դառնալ, սակայն զրոյից սկսելը շատ ավելի դժվար է, քան ուղղակի թողնելն ամենինչ խամաճիկի ձեռքերում։

Միակ բանը, որ հետաքրքրում է՝ տեսնես ինչ եղավ Խեղճ-մարդասպան Մոսին։

2 comments: