Thursday 30 April 2020

Վերսալ-Վաշինգտոնյան համակարգ


Վերսալ-Վաշինգտոնյան համակարգը պայմանագրերի համակարգ էր, որը հաստատվել էր Առաջին Համաշխարհային պատերազմից դուրս եկած հաղթողների կողմից, գլխավորապես՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ և Ճապոնիա։ Համակարգի նպատակն էր հաստատել աշխարհի ետնապատերազմյան կարգավիճակը։ 

Համակարգի հիմքում ընկած էին հետևյալ պայմանագրերը․ 


Վերսալի հաշտության պայմանագիր

Վերսալի պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, ստորագրվել է մի կողմից հաղթող երկրների ու նրանց դաշնակիցների, մյուս կողմից կապիտուլացված Գերմանիայի միջև։  Պայմանագիրը կայացվեց 1919 թ.: Գերմանիան, Ավստրիան և Հունգարիան չէին մասնակցում: Գերմանիան ստիպված էր կրճատել իր զինված ուժերը 6 միլիոնից մինչև 100000 մարդ, ամբողջովին ազատվել իր սուզանավերից, ռազմական ինքնաթիռներից: Իսկ ծովային ռազմանավերի թիվը պետք է կրճատեր ընդհամենը վեցի:

Գերմանիան նաև ստիպված էր վերադարձնել իր գրաված Ֆրանսիայի, Լեհաստանի, Դանիայի, Լիտվիայի, նաև Բելգիայի և Չեխոսլովկաիայի տարածքները։  Գերմանիան նաև  պարտավորվում էր փոխհատուցումներ վճարել այն վնասների դիմաց, որ ռազմական գործողությունների հետևանքով հասցրել էր դաշնակից երկրներին։ Մինչև 1921 թվականի մայիսի 1-ը Գերմանիան պարտավորվում է վճարել դաշնակիցներին 20 միլլիարդ մարկ ոսկով։ 10 տարվա ընթացքում պարտավորվում է տրամադրել Ֆրանսիային 140 միլլիոն տոննա քարածուխ, 80 միլլիոն տոննա՝ Բելգիային, 77 միլլիոն տոննա՝ Իտալիային։

Սեն-Ժերմենի պայմանագիր
1919թ․ սեպտեմբերի 10-ին Ավստրայի հետ կնքվեց Սեն-Ժերմենի հաշտության պայմանագիրը։ Պայմանագիրը հաստատեց Ավստրո-Հունգարական կայսրության փլուզման և նրա տարածքում մի շարք նոր պետությունների առաջացման փաստը: 

Զգալի տարածքային կորուստների կողքին Ավստրիան պարտավորվում էր դաշնակիցներին վճարել ռեպարացիաներ: Պայմանագրի նախաբանը հռչակում էր Ավստրո-Հունգարիայի փլուզումը: Նախկին Ավստրո-Հունգարական կայսրության փոխարեն առաջ էին գալու Ավստրիան, Հունգարիան, Չեխոսլովակիան և Սերբա-խորվաթա-սլովենական թագավորությունը։ 
Ավստրիան բավարարվելու էր 30.000-անոց զորքով: Նաև զրկվում էր ռազմական ավիացիայից։ Ավստրիան պարտավորվում էր նաև ճանաչել Վերսալյան համակարգի բոլոր պայմանագրերը:

Նեյի Պայմանագիր
1919թ. նոյեմբերի 27-ին ստորագրվեց Նեյի պայմանագիրը պատերազմում պարտված Բուլղարիայի և Անտանտի միջև։ Այս պայմանագրով Բուլղարիան կորցրեց 11.000 կմ² տարածք։ Բուլղարիան 37 տարվա ընթացքում պետք է 2250 մլրդ ոսկյա ֆրանկ ռազմատուգանք վճարեր: Ցամաքային զինված ուժերը կրճատվում էին մինչև 33.000-ի, որոնցից 20.000-ը պետք է կազմեր բուլղարական բանակը, 10.000-ը՝ ոստիկանությունը և 3000-ը՝ սահմանապահները: Բուլղարիային արգելվեց ունենալ ռազմական ավիացիա և ծանր զինտեխնիկա:
Տրիանոնի Պայմանագիր
Այն ստորագրվել է 1920թ․ հունիսի 4-ին , առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակած պետությունների և պարտված Հունգարիայի միջև։ Տրիանոնի պայմանագիրը կազմվել է Սեն-Ժերմենյան պայմանագրի օրինակին համապատասխան։ Այն կազմված է 364 հոդվածից, որոնք բաժանված են 14 մասերի։ Պայմանագրի երկրորդ մասը վերաբերում է Հունգարիայի սահմաններին։ Արդյունքում Հունգարիան ունեցավ տարածքային լուրջ կորուստներ։ Տրիանոնի պայմանագրի արդյունքում Հունգարիան զրկվեց տարածքների և բնակչության 2/3-ից։ Բացի այդ հունգարական զորքերի թվաքանակը չպետք է գերազանցեր 30 հազարը։ Հունգարիան զրկվեց դեպի ծով ելքից։ Հունգարիային արգելվել է ռազմաօդային ուժեր, տանկեր և ցանկացած այլ ժամանակակից զենք ունենալ։





Սևրի հաշտության պայմանագիրը 
Սևրի պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին, Հաղթած դաշնակից պետություների և Թուրքիայի սուլթանական կառավարության միջև։ 
Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Սևրի հաշտության պայմանագրի համաձայն՝ Թուրքիային մնում էին Կոստանդնուպոլիսը և շրջակայքը, ապառազմականացվում էին նեղուցները և դրվում էին միջազգային կառավարման ներքո։ Սևրի հաշտության պայմանագիրը շատ առումներով հեշտացնում էր Մերձավոր Արևելքի շարունակվող շահագործումը եվրոպական տերությունների կողմից և ուղի էր հարթում լրացուցիչ վարչական, իրավաբանական, ռազմական ու տնտեսական վերահսկման համար։



Չորս տերությունների պայմանագիր
 1921թ. դեկտեմբերի 13-ին ստորագրվեց Վաշինգտոնի կոնֆերանսի առաջին պայմանագիրը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի միջև, որը հայտնի է որպես «չորս տերությունների պայմանագիր» անունով: Պայմանագիրը վերաբերում էր Խաղաղ օվկիանոսում պետություններին պատկանող կղզային տարածքների համատեղ պաշտպանությանը: Պայմանագիրը կազմված էր չորս կետից. Ստորագրող կողմերը խաղաղօվկիանոսյան իրենց տարածքներում պարտավորվում էին հարգել մյուսների իրավունքները, մասնավորապես, ինքնիշխանությունը։ Եթե պայմանագիրը կնքած պետությունների մեջ խաղաղօվկիանոսյան տարածքների շուրջ դիվանագիտորեն անլուծելի ու պայմանագրին սպառնացող հակամարտություն զարգանար, ապա պայմանագիր կնքած պետությունները պետք է հարցը քննարկեին ու լուծեին կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվող կոնֆերանսի ժամանակ։ Պայմանագիրն ուժի մեջ էր տասը տարի և ժամկետի ավարտից հետո էլ մնալու էր ուժի մեջ, մինչև ստորագրող կողմերից մեկը 12 ամսվա ընթացքում չդիմեր պայմանգիրը դադարեցնելու պահանջով։  





«5 ուժերի» պայմանագիրը
 1922թ. փետրվարի 6-ին կնքվում է Վաշինգտոնի ռազմածովային պայմանագիրը կամ «5 ուժերի» պայմանագիրը: Պայմանագիրը կնքվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի և Իտալիայի միջև: Նպատակն էր սահմանափակել ռազմածովային ուժերը և լուծել խաղաղօվկիանոսյան ու հեռավորարևելյան խնդիրները: Սահմանափակվելու էր գծանավերի, հածանավերի, ավիակիրների կառուցումը, սուզանավերի և մյուս տեսակի ռազմանավերի համար քանակային սահմանափակում չկար, բայց դրա փոխարեն տարողության սահմանափակում կար: Պայմանագրի համաձայն՝ 10 տարով դադարեցվում էր խոշոր ռազմանավերի կառուցումը, սրա հետ մեկտեղ պայմանագիրը կնքող 5 ուժերի համար ռազմանավերի տոննաժ էր սահմանվում (տարողությունը տոննաներով). հնգական ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համար, 3-ական՝ Ճապոնիայի, 1,75-ական՝ Իտալիայի և Ֆրանսիայի: 


Ինը տերությունների պայմանագիր
1922թ. փետրվարի 6-ին Վաշինգտոնի կոնֆերանսի մասնակից պետությունները (ԱՄՆ, Բելգիա, Բրիտանական Թագավորություն, Իտալիա, Ճապոնիա, Չինաստան, Պորտուգալիա և Ֆրանսիա) ստորագրեցին համաձայնագիր Չինաստանում տարվող քաղաքականության մասին, որը հայտնի է «ինը տերությունների պայմանագիր» անվամբ:
Վաշինգտոնի կոնֆերանսում մեծ տեղ էր զբաղեցնում նաև չինական հարցը: Չինաստանը հրաժարվել էր ստորագրել Վերսալյան հաշտությունը, որովհետև Չինաստանի տարածքներում գտնվող նախկին գերմանական գաղութներն այդ պայմանագրով ոչ թե վերադարձվեցին Չինաստանին, այլ հանձնվեցին Ճապոնիային: 
Պայմանագիրը նպատակ ուներ կարգավորել միջազգային հարաբերությունները Հեռավոր Արևելքում և բոլորի համար հավասար պայմաններ ստեղծել Չինաստանի հետ հարաբերություններում։ Պայմանագրին մասնակցող կողմերը համաձայնում էին հարգել Չինաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը։ Յուրաքանչյուր պետություն պարտավորվում էր օգտագործել իր ունեցած ազդեցությունը օգնելու համար Չինաստանին ստեղծել կայուն ղեկավարություն և բոլոր պետությունների համար ապահովել հավասար պայմաններ, խուսափել հատուկ իրավունքներ կամ արտոնություններ ստանալուց, որը նորից կբերեր ազդեցության գոտիների ստեղծման։






No comments:

Post a Comment