Wednesday 6 May 2020

Կարդալով Նարինե Աբգարյանին

Կարդում ենք Նարինե Աբգարյան։ Չէ, դե չէ՛, չենք կարդում, այլ պատկերացնում ենք,զգում ենք, համտեսում ենք։ Պատկերները, որոնք նա հյուսում է, ներս են խուժում մտքիս մեջ ու չեն թողնում իրենցից ձերբազատվել։ Ամեն մի տեսարան իր մեջ հինգ զգացողություններն էլ պարունակում է։ Եվ տեսնում ես կառուցված պատկերը, և լսում ես , համն ու հոտը տեղին է, մաշկիդ վրա զգում ես և՛ սարսուռը, և՛ ջերմությունը։ Նարինե Աբգարյանի հետ առաջին անգամ ծանոթացել եմ «Մանյունա» գրքի շնորհիվ։ Գրքի առաջին իսկ էջերից տեղափովում ես քաղցր մանկության գիրկը՝ վարդագույնով պատված, քաղցր ու ջերմ։ Ու այդ գեղեցիկ միջավայրում մարդու միտքն է ձևավորվում, ու ահա մենք ստանում ենք Նարինե Աբգարյան։ Ամեն դետալ կարևոր է, ամեն դետալ իր դերն ունի ստեղծագործության պատկերման մեջ։ Հենց այդ պատկերման մեջ ինչ-որ գաղտնիք կա։ Երբ կարդում վերջացնում ես, դնում ես մի կողմ գիրքը, սակայն օրդ անցնում է, ու քո մտքում մնում են տեսարաններ, անգամ առանց խոսքերի, մնում են տեսարաններ, որոնց մեջ խոսում են շարժումները , քամին, բույրը ու բնությունը։ Ինձ թվում է Մանունյան այն գրքերից է, որ պետք է ունենաս գրապահարանումդ։ Տարիների ընթացքքում, վերցնես, ընթերցես ու նորից տեղը դնես։ Ու այդպես շարունակ։ Ամեն կարդալուց առաջ թող լավ ծածկվի փոշով։ Հենց էդպես էլ անում եմ, մեկ-մեկ վերցնում եմ կարդում եմ ու լցվում եմ գրքի երանգներով։ Կապ չունի, թե որտեղ եմ, երբ , ինչ մտքեր եմ շալակում, երբ այս գիրքը վերցնում եմ ձեռքերիս մեջ, մոռանում եմ ամեն ինչ և ընկնում Նարինե Աբգարյանի անուշ աշխարհում։ Կարծում եմ գրքի յուրահատկությունը նրանում է, որ բոլորս էլ կարողանում մերը գտնել իր մեջ։Վեպը մանկության շիլաշփոթ արկածների մասին է, որը պտտում է Նարինեի, Մանյունայի, Տայի և Բերդի բնակիչների շուրջ։ Կարող եմ ասել, որ Տան իմ կողմից մեծ համակրանքի արժանացավ։ Խիստ, կարգ ու կանոնով ու անչափ բարի տատիկ էր։ Նա հենց իր էությամբ լցնում էր ամբողջ գիրքը խինդով։ Ինձ թվում է՝ Տայի մոտ ինչքան փոքրիկ Նարինեն էր շունչը պահում, որ հանկարծ ինչ-որ սխալ թույլ չտա, այնպես էլ ես էի շունչս պահում կարդալիս։ Հեղինակը այնքան քաղցր է գրել, այնքան նկարագրող, որ էջերից ծիրանի ջեմ է հոսում։ Վերջերս կարդում էի Անա Մարիա Մատուտեի «Պաուլինան» և համեմատություններ էի անում։ Այդպիսի գրքեր հանդիպելիս մտածում ենք, թե դրանք ուղղված են մանուկներին։ Սակայն այս գրքերը տարիքային սահմանափակումներ չունեն։ Բոլորի համար անխտիր հաճելին են։

No comments:

Post a Comment