Sunday 23 September 2018

Կյանքում պարբերաբար հանդիպող բարձունքներից մեկում

Բոլորս գիտենք բարձունք հաղղթահարելու դժվարությունները, բայց ինձ թվում է, բոլորս էլ կարող ենք հաստատել, որ գագաթին կանգնել, զգալ սառը օդն ու շնչել, հիանալ այդ տեսարանով՝ դա մի ուրիշ զգացողություն է։ Մեր կյանքն իր բոլոր նպատակներով նման է սար բարձրանալու։ Մեկնարկը դժվար է, հետո ավելի, իսկ հետո արդեն բարձրանալու ուժ է տալիս միայն նպատակին հասնելու ցանկությունը։ Նպատակասլացները հասնում են, չձգտողները՝ ոչ: Ալարկոտությունը լավ բան չէ, բայց երբ շունչդ կտրվում է, վեր ես նայում, մտածում ես, թե արդյո՞ք պետք է այդքան դժվարություն կրել, հարցականի տակ դնելով քո ուժերը։ Մի քանի անգամ ընկնում ես, ոտքդ ոլորում, բայց պատկերացրածդ գեղեցիկ տեսարանը թեկուզ մի պահ վայելելու ցանկությունը քեզ ստիպում է էլի բարձրանալ։ Ինչպես կյանքի նպատակների, այնպես էլ մեր հաղթահարած բարձունքների վայելքն զգում ենք այն ժամանակ, երբ ամենինչ մեր սրտով է, ներդաշնակ է, ասես ձեռքով գծած։ Միշտ չէ, որ մեզ հետ ամենինչ լինում է այնպես, ինչպես մենք ենք ծրագրում, նախատեսում, սակայն այս ճամփորդությունը հենց այդ զգացողությունն ինձ պարգևեց. Ամենինչ այնպես էր, ինչպես ես էի ծրագրել, դրանից շատ ավելի լավ: Կարծում եք, պետք է ասեմ, որ լեռան գագաթից գույներն այնքան գեղեցիկ էին համադրված, ինչպես երբեք, բայց ես այդ ամենն ասում եմ ոչ միայն լեռան գագաթի, այլև մեր այս երկօրյա ճամփորդության մասին: Ու հավատացեք, ավելի լավ զգացողություն չկա, քան այն, նախատեսածիցդ ավելի լավին ես հասնում։ Արդեն հասել ենք Արմաղանի գագաթին, նայում ենք ու հիանում։ Եվ այս գեղեցիկ տեսարանին թաստպրեն միայն մի բանն էր պակասում՝ չոր ու սառը կարկուտը։ Այո, վերևում մեզ դիմավորեց կարկուտը, որպես ծափահարություն բնության կողմից։ Վազելով մտանք եկեկեցի։ Սպասեցինք մինչև կարկուտը կավարտվեր։ Մինչ դա, մոմ վառեցինք, տաքացանք։ Մութ անկյունում կանգնած տեսնում էինք, թե ինչպես էր լեռան գագաթը պատվում սպիտակ գույնով։ Կանաչ, ոսկեգույն, ցորենագույն, տեղ-տեղ դեղին ծաղիկներով, սպիտակած փեշին նայում էի ու մտածում, թե ո՞նց կիջնեմ այդքանը։ Ինչպես կյանքի մնացած պարագաներում, այնպես էլ այստեղ՝ չեմ սիրում վայրէջքներ, հենց այդ պատճառով էլ նախընտրում եմ չխոսել չսիրած գործողությունների մասին:


Ֆոտոշարքը՝ Անուշ Թադևոսյանի կողմից
























No comments:

Post a Comment