Sunday, 24 March 2019

Խաղում ենք "Batalla de Letras" Էջմիածնի Էօրնեկեան վարժարանի սովորողների հետ

Մեր ստեղծած իսպաներեն ուսուցողական խաղը ներկայացնելու համար եղանք Էջմիածնի Էօրնեկեան վարժարանում։ Այն ներկայացրեցինք վեցերորդ դասարանի սովորողներին, և կարող եմ հանգիստ ասել, որ բոլորը անխտիր ոգևորված էին խաղով։ Նախ շրջեցինք դպրոցով, ծանոթացանք իրենց կրթական միջավայրին։ Հետո մի վեցերորդ դասարանի աշակերտների խմբին փորձեցինք բացատրել խաղը։ Ասեմ, սովորողները, շատ արագ ընկալեցին խաղի կանոնները, և սկսեցին բոլոր հարցերի համար իսպաներենով պատասխաններ գտնել։ Բոլորը հավաքվել էին մի սեղանի շուրջ և փորձում էին օգնել իրենց գիտելիքներով։
Խաղի առավելություններից մեկն այն է, որ հարցերը չունեն մեկ ճիշտ պատասխան, բոլոր հարցերը այնպես ենք կազմել, որպեսզի խաղացողը՝ այս դեպքում աշակերտը, կարողանա փնտրել մեկից ավելի տարբերակներ։ Եվ իրոք, հարցը կարդալուց հետո, մի պատասխան միայն չէր լսվում, բոլորը փորձում էին իրենց իմացած գիտելիքները իրենց մեջ գտնելով, փորփրելով օգտագործել խաղի շրջանակներում։ Մեզ համար էլ էր շատ հետաքրքիր, թե ինչպես կընդունեն մեր ստեղծած խաղը իսպաներեն սովորողները, արդյոք նրանց համար արդյունավետ կլինի, հետաքրքիր և հասանելի։ Իսպաներեն ուսուցանող դպրոցները Հայաստանում շատ չեն, և այն դպրոցները, որոնք աշխատում են սովորողին տալ իսպաներենի ուսուցում, շատ ժամանակ միայն կենտրոնանում են լեզվի կանոների վրա։ Մոռնալով լեզու սովորելու ամենահաճելի և, ըստ իս, ամենաարդյունավետ ձևի մասին` մշակույթին ծանոթանալու միջոցով լեզուն սովորելը։ Եվ խաղը տրամադրում է սովորողին լայն իմացություն ոչ միայն Իսպանիայի, այլ ամբողջ իսպանախոս աշխարհի մասին։ Այսպիսով, համարում եմ մեր այցը հաջող և արդյունավետ և մեր, և սովորողների համար:



No comments:

Post a Comment