Friday 12 December 2014



Աշխարհի 7 հրաշալիքներ

Աշխարհի 7 հրաշալիքների ցանկում ամենամեծ՝ Քեոփսի բուրգը, կառուցվել է մ. թ. ա. մոտ 2580 թ-ին։ Բուրգի բարձրությունը 147 մ է, հիմքի կողմի երկարությունը՝ 233 մ, կառուցված է 2.300 քարաբեկորներից, որոնցից յուրաքանչյուրը կշռում է միջին հաշվով 2, 5 տոննա։ Ըստ հույն ճանապարհորդ-պատմիչ Հերոդոտոսի՝ բուրգի կառուցումը տևել է 20 տարի, աշխատանքներին մասնակցել է 100 հազար ստրուկ։


Ալեքսանդրիայի փարոս

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի մերձակա Փարոս կղզում մ. թ. ա. 320-ական թվականներին կառուցվել է հին ժամանակների ամենամեծ փարոսը՝ 135 մ բարձրությամբ եռահարկ աշտարակ, որը տեսանելի էր 60–100 կմ հեռավորությունից (ճարտարապետ՝ Սոստրատես)։ Հին աշխարհի միայն այս հրաշալիքը, ճարտարապետական նրբագեղությունից բացի, ուներ նաև կիրառական նշանակություն։ Փարոսը կործանվել է 1100 թ-ի երկրաշարժից (այլ տվյալներով՝ 1304 թ-ի կամ1346 թ-ի երկրաշարժերից)։


Զևսի արձան

Հունաստանի Օլիմպոս քաղաքի՝ Զևսին նվիրված տաճարում էր 12 մ 40 սմ բարձրությամբ նրա արձանը, որը կերտել էր Ֆիդիասը մ. թ. ա. 440-ական թվականներին։ V դարի սկզբին տաճարն ավերվելուց հետո Զևսի արձանը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ 462 թ-ին ոչնչացել է հրդեհից։
Մ. թ. ա. III դարում Էգեյան ծովի Հռոդոս կղզու բնակիչները, ի նշանավորումն կղզու հաջող պաշտպանության, կանգնեցրել են Արևի աստված Հելիոսի՝ աշխարհի ամենամեծ՝ 36-մ-անոց արձանը՝ թշնամուց առգրավված զենքի մետաղից։ Արձանի հեղինակ Քարեսն այն կերտել է 20 տարում։ Կոթողը կանգուն է եղել 56 տարի։ Երկրաշարժից (մ. թ. ա. 222 թ.) կործանված կոթողի բեկորները 977 թ-ին վաճառել է կղզու կառավարիչը՝ արաբ տեղապահը։ Նավահանգստի հատակից հայտնաբերված արձանի աջ ձեռքի դաստակը պահվում է Բրիտանական թանգարանում։


Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիները գտնվում էին Ասորեստանի Բաբելոն քաղաքում։ Ավանդությունն այդ այգիների ստեղծումը վերագրում է Շամիրամ թագուհուն, սակայն իրականում դրանք ստեղծվել են Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանով՝ մ. թ. ա. VI դարում։ Նա իր պալատը կառուցել էր 6-հարկանի տան բարձրությամբ արհեստական հարթակի վրա։ Դեպի այդ հարթակն աստիճանաձև բարձրանում էր աղյուսե 6 կամարասրահ։ Ամեն աստիճանի վրա հողի շերտ էր լցված, և ծաղկուն պարտեզ էր գցված։ Մ. թ. ա. 312 թ-ին կառույցը փլվել է ջրհեղեղներից։


Հալիկառնասի դամբարան

Հալիկառնասում (ներկայիս Թուրքիայի Բոդրում քաղաքի մերձակայքում) էր գտնվում աշխարհի հրաշալիքներից հաջորդը՝ Մավսոլես թագավորի հոյակերտ դամբարանը, որը կառուցել էր նրա այրին՝ Արտեմիսը, մ. թ. ա. 353 թ-ին։ Առաջին հարկը, որտեղ տեղադրված էր Մավսոլեսի աճյունասափորը, ուներ 8, 9 մ լայնություն, 42, 3 մ երկարություն, 11, 1 մ բարձրություն, իսկ դամբարանի ընդհանուր բարձրությունը 60 մ էր։ Դամբարանը կանգուն է եղել 1800 տարի։ Մավսոլեսի և նրա կնոջ արձանները պահվում են Բրիտանական թանգարանում։


Արտեմիսի տաճար

Մյուս հրաշալիքը հունական աստվածուհի Արտեմիսի մարմարե տաճարն էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Տաճարը կառուցվել է մ. թ. ա. 550 թ-ին, շինարարությունը տևել է 120 տարի։ Նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնեսը։ Շենքը զարդարող արձան-արձանիկների մի մասի հեղինակը Ֆիդիասն է։ Արտեմիսի տաճարը կանգուն է եղել 100 տարի։ Մ. թ. ա. 356 թ-ին եփեսացի Հերոստրատեսը, փառամոլության մոլուցքից կուրացած, հրդեհել է տաճարը։ 25 տարի անց այն վերակառուցվել է, սակայն ավերվել է երկրաշարժերից։ Տաճարի հարթաքանդակներից մի քանիսը պահվում են Բրիտանական թանգարանում։

No comments:

Post a Comment