Thursday 18 December 2014

Սբ. Ծննդյան Տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան (Մաս 5)



Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.
Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը:
Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:

Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
– Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, – ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
– Ինձ էլ տարեք ձեզ հետ, – ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
– Ո՞ւր` մեզ հետ, – արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
– Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, – ավելացրեց ձիթենին: – Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
– Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, – ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
– մտածում էր նա:
Սակայն հեշտակն ասաց նրան.
– Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին:
Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
– Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը: