Thursday, 18 December 2014

«Փաթիլը» Պատմվածք

Անծայրածիր տիեզերքում իրարանցում էր տիրում: Միլիոնավոր տարիների մեջ անթիվ պատահածը այս անգամ խելքահան էր արել բոլորին: Պատճառն այն էր, որ երբևէ եղած բոլոր ստեղծվածների մեջ ամենափխրունին երկրային ինչ-որ ուժ ստիպում էր թախծել…
Հրեշտակներից մեկը շտապելով խցկվեց անտես ամպի մեջ ու զգալով մոտեցող անիմանալի գոյն` ասաց.
-Տեր իմ, այսօր անցնում էի Քո հրապույր ամպերի վրայով և հանկարծ լսեցի այստեղի համար տարօրինակ ձայներ: Մոտենալով ուշադիր նայեցի և ի զարմանս ինձ` ջրերից շունչ առած մի Փաթիլ տեսա, որը լաց էր լինում, և հարցիս, թե ինչու է այսպես տխուր ու մոլոր և այն էլ այստեղ`երկնքում, որտեղ տխրությունը սկսվող ու տանող ուղիներ չունի,նա պատասխանեց.
-Ուզում եմ գնալ աշխարհ, երազում տեսել եմ մի արարածի այնքան~ քնքուշ ու բարի…
Հետո, Տեր իմ ,մի պահ լռեց ու նորից թախանձեց.
-Ձյունաճերմակ իմ հրեշտակ, դու էլ ինձ նման պարզ ու թափանցիկ հոգի ունես`խնդրիր Բարձյալին թող ինձ ամուր թևեր պարգևի, որպիսզի դիմանամ վայրէջքին`ես պետք է տեսնեմ Նրան…
Եվ պատասխանը դղրդաց ամբողջ տիեզերքով մեկ ու լսեցին բոլորը`բարեհոգի հրեշտակից մինչ անվերջություն.
-ԹՈՂ ԳՆԱ~…
Բոլորը աստվածակերտ աստիճաններից հետաքրքրված աննախադեպ եղածից հավաքվել էին տեսնելու մի կերպ երևացող էակին…
Ամեն մեկն իր խորհրդով ցանկանում էր օգնել այս թախծող արարածին…
Աստղերն իրենց պատրաստակամությամբ Փաթիլին տվեցին իրենց կառուցվածքը, որովհետև լավ գիտեին, որ երկրում սիրում են նայել իրենց…
Քամիներին սանձողը խոստացավ հետևել նրա անվնաս վայրէջքին:
Իսկ Լուսինը երազկոտ լույսի հատիկներ ցողեց նրա երեսին…
Ճակատագիրը լրացնող եռակազմ ծերունին խոստացավ երկրում կարգավորել ժամն ու ժամանակը, ապա բոլորի սպասող զգայարանների ներքո անկեղծացավ.
-Մնացյալը, թե ինչ կլնի ինձ էլ հայտնի չէ…
Փաթիլը ,ներկաների ուշադրությունից շոյված, սրտանց շնորհակալություն հայտնեց և ուրախ ողջույների տակ սլացավ երկիր…
Ճանապարհին նրան հանդիպող փաթիլները լսել էին տարածված լուրը և հարգալից դիմավորելով, մաղթանքներով ուղեկցում էին նրան…
Փաթիլը չգիտեր ինչպես հայտներ իր ուրախությունը-այո~ ներքև ու ներքև դեպի կյանք ու սեր…
Իսկ քամիները տանում էին նրան ամբողջ մեղմությամբ և արդեն նշմարելով երկրի մանրաշարժը հեռացան…
Ճակատագիրն էլ իր հերթին արեց այն, ինչ որ պետք էր…
Ու մի աղջնակ զմայվելով փետրվարյան գեղեցիկ ու, թերևս, այդ տարվա վերջին ձյունով`վազեց ներքև և զվարթացած սկսեց խենթանալ ու պար բռնել փաթիլների հետ…
Հանկարծ վեր նայեց ու ձյան հավաքի մեջ նկատեց մի լուսափայլ ու տարբերվող փաթիլի և հետևելով նրան`կանգ առավ…
-Ահա~ նա,-բացականչեց Փաթիլը ու անստեղծ` պայթող ուրախությունից մի քանի պտույտ գործելով հպվեց ու գգվեց պարզված ձեռքի ափին…ցանկացավ ասել ու պատմել, թե ինչքան~ երկար է եղել իր վայրէջքը, որովհետև սիրում էր…բայց չհասցրեց…
Աղջիկն իր տաք շնչով համբուրեց մեծ ու հրաշալի փաթիլը…հետո հաճույքից ժպտալով թափ տվեց ձեռքում մնացած ջուրն ու շարունակեց քայլել…